ԵՐԱՇԽԻՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Մեր զրույցը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Սարգսյան, գիտենք, որ մտահոգված եք ազգային, մասնավորապես՝ հոգևոր անվտանգության խնդիրներով, հաճախ կազմակերպում եք հանդիպումներ գյուղական համայնքներում, մայրաքաղաքի դպրոցներում՝ ներկաների ուշադրությունը սևեռելով թաքնված, բայցև տագնապալի երևույթների վրա: Ըստ Ձեզ, որո՞նք են այդ երևույթները, և ինչպե՞ս է դրանց վրա արձագանքում լսարանը:
-Եթե առաջ հոգեւոր անվտանգության թեմայով զրույցներ և դասախոսություններ էինք կազմակերպում միայն Արցախում, այս տարի այցելել ենք նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրեր: Ընդհանուր առմամբ՝ հանդիպումներ ենք ունեցել ավելի քան 130 բնակավայրի քաղաքացիների հետ: Պատկերը գոհացուցիչ չէ: Մեր ազգի հարատևության գրավականն են եղել քրիստոնեական արժեհամակրգի վրա հենված ամուր ընտանիքը, համայնքի հոգսերով ապրող մարդիկ: Անգամ պետականություն չունենալու ժամանակներում մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը Հայ եկեղեցին իր ծխական համայնքների միջոցով կարողացել է պահպանել: Ազգի հոգեկերտվածքը մասամբ փոփոխության է ենթարկվել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, բայց արժեհամակարգը շարունակում էր իշխել: Անկախություն հռչակելուց հետո, երբ երկրի զարգացումը գնացել է վայրի շուկայական տնտեսվարման ուղիով, հասարակական հարաբերությունները տարիների ընթացքում լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Իշխող դարձած մենատնտեսությունը և վայրի շուկայական հարաբերություններն ստեղծել են կոշտ մրցակցություն, ինչի հետևանքով համայնքային կյանքը բավականին լուրջ հետխաղացում է ապրել, ինչը համախմբման հարցում մեծ խոչընդոտներ է առաջացնում: Եթե դրան գումարենք տարբեր կրոնական, սեռական փոքրամասնությունների առկայությունը, դրանց ներխուժման և ավելացման միտումները, հնարավոր է դառնում ազգի պառակտումը: Ըստ ՀՀ-ի վիճակագրության՝ խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու պատրվակով Հայաստան են թափանցել եւ պետական գրանցում ստացել մոտ 70 կրոնական կազմակերպություններ, որոնց 70%-ը աղանդավորականներ են: Նրանք ընդգրկված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Դրանց անդամներն ունակ են իրագործելու ամենադաժան հանցագործությունները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք: Ներկա դրությամբ Հայաստանում ոչ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների թիվը կազմում է ազգաբնակչության 10%-ը, եթե այն հատի 30%-ի սահմանը, աշխարհի ուժային կենտրոնները, հարկ եղած դեպքում, կարող են իրագործել ցանկացած կործանարար ծրագիր: Իսկ մեր ազգին ուղղակի անհրաժեշտ է համախմբման տեսլական, քանի որ աշխարհագրական որոշ հարևաններից պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախված է մեզ վրա:
Ինչ վերաբերում է բնակչության հետ հանդիպումներին, պետք է ասեմ, որ նրանց մեծամասնությունը հասկանում և համակարծիք է մեզ հետ, բայց չի տեսնում նման զարգացումները կանգնեցնելու ուղիները: Իսկ դա հնարավոր է միայն միասնաբար՝ ժողովրդի, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության միահամուռ ուժերով:
-Ապրում ենք համաշխարհայնացման ժամանակներում, որը զուգորդվում է անհատապաշտության թեորիայի քարոզչությամբ, ինչը լի է լուրջ մարտահրավերներով, հատկապես փոքրաթիվ ազգերի համար: Ձեր հանդիպումների ժամանակ ի հա՞յտ են գալիս այդ մարտահրավերների հետևանքները:
- Հանդիպումների ժամանակ թեմաներից մեկը միշտ լինում է անհատապաշտության վտանգավորության երևույթների բացահայտումը: Ի հակադրություն միջազգային ուժերի կողմից մեզ քարոզվող անհատապաշտության ՙառավելություններին՚, մենք բացահայտում ենք, այսպես ասած, ազատություն և հավասարություն հասկացությունների վտանգները, ներկայացնում ազգային-պահպանողական մեր ավանդույթների առավելությունները: Աստծո կողմից մեզ շնորհած ազատությունը վերաբերում է մարդու ներքին, հոգևոր հնարավորությունների կատարելագործմանը: Այդ ճանապարհն ընտրելու կամ չընտրելու համար մարդուն տրված է կամքի ազատություն: Իսկ մարդու արտաքին գործողությունների ազատությունը սահմանափակված է օրենքներով: Եթե հոգևոր կատարելագործման ճանապարհին ոչ ոք չի կարող բռնանալ, ապա արտաքին գործողությունների ազատության, մասնավորապես՝ բռնության հետևանքով, անհրաժեշտաբար սահմանափակվում է ուրիշի ազատության իրավունքը: Ուստի մարդու ազատության իրավունքը միայն քարոզչություն է, որի միջոցով ևս պարտադրվում է հասարակությունը պառակտող մշակույթ: Կեղծ իրավունքներից է նաև հավասարության գաղափարը, քանզի Աստված մարդկանց ստեղծել է տարբեր կարողություններով: Մարդկանց հավասարությունը հասարակական արարած լինելն է, ինչն ապահովում է Աստվածային օրենքը: Աստծո օրենքների արհամարհումն առաջ է բերում բարբարոսության օրենքներ, որի հետևանքները կործանարար են, վտանգավոր քաղաքակրթության զարգացման համար:
-Յուրաքանչյուր երկրի կայունությունը կախված է ընտանիքի ամրությունից, մարդկային հարաբերությունների որակներից: Մեր բազում դժվարին խնդիրներով երկրում նշվածս շատ ավելի մեծ նշանակություն է ստանում: Ինչո՞վ է հղի այդ որակների անկումը:
-Հուրախություն բոլորիս` պետք է ասեմ, որ տևական տարիներ հնարավոր և անհնարին ձևերով այլ մշակույթի քարոզչությունը, որը նպատակ է հետապնդում ժողովուրդներին կտրել իրենց արմատներից և պատվաստել օտար աշխարհայացք, չի տվել այդ ուժային կենտրոններին իրենց ուզած արդյունքները: Բերեմ 2017թ՝ ամերիկյան Pew Research Center հետազոտական ընկերության հրապարակած ծավալուն հետազոտությունը, ըստ որի` ԽՍՀՄ փլուզումից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար կրոնը դարձել է այդ ժողովուրդների ինքնագիտակցության կարևոր բաղադրիչներից մեկը և մեծ ազդեցություն է թողնում այդ երկրների ժողովուրդների ու հասարակությունների աշխարհաճանաչողության և աշխարհընկալման վրա: Հետազոտության մեջ ներառված է նաև Հայաստանը:Մի քանի կարևոր տվյալներ.
.Միասեռականության նկատմամբ բացասական վերաբերմունքով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Հայաստանն առաջատարն է: Այդ երևույթը բարոյապես անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների 98%-ը:
Ամուսնական կյանքում ամուսինների ավանդական դերերի նախապատվության հարցում Հայաստանը 82%-ով կրկին առաջատարն է:
.Հայաստանը 82%-ով առաջատար դիրքում է նաև այն հարցում, որ կինն ունի երեխաներ լույս աշխարհ բերելու սոցիալական պատասխանատվություն:
Հայաստանում հարցվածների 96%-ը՝ թմրանյութերի օգտագործումը և պոռնկությունը, 69%-ը՝ հղիության արհեստական ընդհատումը, 79%-ը՝ նախաամուսնական սեռական հարաբերությունները, 56%-ը՝ ամուսնալուծությունն անբարոյականություն են համարում:
ՀՀ քաղաքացիների 59%-ը համարում է, որ պետությունը պետք է նպաստի կրոնական արժեքների տարածմանը: Այստեղ Հայաստանը ևս առաջատար է:
ՀՀ քաղաքացիների 82%-ը ամուր կապ է տեսնում կրոնի և ազգային ինքնության միջև: Այս ցուցանիշով Հայաստանը ևս առաջատար է:
.Հայաստանում հարցվածների 95%-ը պատասխանել է, որ հավատում են Աստծուն: Սա երկրորդ ցուցանիշն է Վրաստանից հետո:
Նման հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերիս ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգին վերաբերող հարցերը գտնվում են արևմտյան ուղեղային կենտրոնների ուշադրության տիրույթում:
Նշված հետազոտությունը ևս մի ազդակ է աշխարհայնացման հեղինակների համար, որ հայ ժողովրդի երկու ազգային ինստիտուտները՝ Հայ Առաքելական եկեղեցին եւ ընտանիքը, որոնք հիմնականում պահպանել են իրենց ամրությունը, պետք է ուժեղացնեն դրանց քայքայմանն ուղղված գործողությունները: Ուստի մեր խնդիրն է հակազդել եւ չընդունել դրսից պարտադրվող այն քարոզչությունը, որը կվնասի մեր հասարակության բարոյականությանը, ընտանեկան հարաբերություններին, ազգային ավանդույթների, սովորույթներին, Հայ Առաքելական եկեղեցու գործառույթների նվազեցմանը: