ԱՆՆԱ ՀԱԲԵՇՅԱՆԻ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ, ԿԱՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական եկեղեցիների տարածքում շատ հազվադեպ են հուղարկավորում կանանց, այն էլ միայն միանձնուհիների կամ քահանաների կանանց։ Բացառություն է միայն Աննա Հաբեշյանի գերեզմանը Լոռու մարզի Օձունի վանքի բակում։
Օձունի վանքի մոտակայքում գտնվող տասնյակ գերեզմաններից միայն մեկի վրա են ծաղիկներ դրված: Տապանաքարի վրա փորագրված է ՙԱննա Հաբեշյան՚ անունը։ Տղամարդ քահանաների գերեզմանների շարքում հազվադեպ կտեսնես կնոջ շիրիմ, որին ոչինչ չի կապել եկեղեցու հետ. նա ո՜չ միանձնուհի էր, ո՜չ քահանայի կին։ Սակայն տեղացիները Հաբեշյանին այնքան շատ են սիրել, որ նրա մահվանից հետո որոշել են այդ կնոջը սրբադասել։ Աննան եղել է տեղի Մայր Թերեզան։
Աննա Հաբեշյանը դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի դուստրն է, որը հայերի ջարդերի տարիներին եկել էր Օսմանյան կայսրություն, այնտեղ աշխատել որբանոցներում և բարեգործական հաստատություններում։ 1922 թվականից Յակոբսենը օգնել է Լիբանանի հայ փախստականներին և շատ չանցած բացել ՙԹռչնոց բույն՚ անունը կրող որբանոցը։ Շատ տարիներ անց՝ 1960թ., Յակոբսենին իր ցանկությամբ հողին են հանձնել որբանոցի բակում։
Թե որտեղ է ծնվել Աննա Հաբեշյանը, հայտնի չէ։ Տարբեր կարծիքներ կան. ոմանք հավաստիացնում են, որ Մարիա Յակոբսենը նրան որդեգրել է Օսմանյան կայսրության Խարբերդ նահանգում, ոմանք համարում են, որ նա որբ աղջկան գտել է Լիբանանում, իսկ ոմանք էլ ենթադրում են, որ Աննան եղել է չամուսնացած Յակոբսենի հարազատ դուստրը։ Մենք դժվար թե իմանանք ճշմարտությունը։ Հայտնի չէ նաև այն` արդյոք Աննան Մարիա Յակոբսենից է սովորել գթասիրտ լինելը, թե այդ որակը նրա արյան մեջ էր։ Աննան Մարիա Յակոսբենի միակ երեխան էր, սակայն կինը նրան մեծացրել է որբանոցի երեխաներին հավասար։ Որբերը Յակոբսենին կոչում էին ՙմամա՚, իսկ որբանոցի մյուս դայակներին և գթության քույրերին` ՙմայրիկ՚։
Մինչև Լոռու մարզի Օձուն գյուղ տեղափոխվելն Աննայի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ամուսնացել է Հովսեփ Հաբեշյան անունով մի հայի հետ։ Զույգը մի քանի տարի ապրել է Եվրոպայում, այնուհետև 1940-ական թվականներին` հայրենադարձության հերթական ալիքի ժամանակ նրանք որոշեցին Հայկական ԽՍՀ տեղափոխվել։ Մարիա Յակոբսենը դստերը միայն մեկ խորհուրդ տվեց. ՙԳյուղ գնա՜, խուսափի՜ր քաղաքներից՚։
Հնարավոր է՝ այդ խորհուրդն է փրկել նրա կյանքը, քանի որ եթե նա Երևանում կամ մեկ ուրիշ քաղաքում աչքի ընկներ իր ակտիվ քաղաքացիական գործունեությամբ, նրան կարող էին սպասել բանտ կամ Սիբիրի ճամբարները։
Հաբեշյանները գնացքով հասան Հայկական ԽՍՀ, որտեղ նրանք իջան գրեթե առաջին կայարանում, որը մինչ օրս կրում է վանքի անուն՝ ՙՍանահին՚։ Օձուն գյուղում նոր բնակիչներին անգամ չնկատեցին, նրանք ընտրեցին մեծ գյուղի ծայրամասում գտնվող մի համեստ տուն։
Սակայն նրանց վիճակված էր գյուղում հերոս դառնալ և արժանանալ բոլորի սիրուն։ Ծանոթանալով տեղացիների կենցաղին՝ Աննան նկատում է, թե որքան շատ են կանայք հոգնում ծանր աշխատանքից ու ընտանեկան հոգսերից։ Գյուղում գործել է միակ մանկապարտեզը, որը չէր տեղավորում մեծ գյուղի բոլոր երեխաների, և որտեղ ընդունում էին երեք տարեկանից բարձր երեխաներին։ Աննան որոշում է սեփական հարկի տակ մանկապարտեզ բացել։ Շուտով Հաբեշյանների ՙտնային մանկապարտեզի՚ մասին լուրը տարածվում է Օձունով մեկ, և բազմաթիվ երեխաներ սկսում են այցելել զույգի տուն։ Նա ոչ թե պարզապես զբաղվել է երեխաներով, այլև անվճար նրանց կերակրել և հագցրել է։
1988թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո Օձունում նոր մանկապարտեզ կառուցեցին, որը կոչեցին ի պատիվ Աննա Հաբեշյանի։ Մանկական հաստատության շենքը գտնվում է այն փողոցում, որտեղ ապրել է Աննան, այնտեղ, որտեղ հիմնադրվել էր նրա մանկապարտեզը։ Հաստատությունը գործում է մինչ օրս, այն հաճախում են նախադպրոցական` 3-5 տարեկան երեխաներ։ Գյուղը երկու մանկապարտեզ ունի։
Հաբեշյանների տունը ներկայումս բարձիթողի վիճակում է։ Զույգն ունեցել է երեք երեխա՝ Ռուբեն, Սիլվա և Սոսե, որոնք սփռվել են աշխարհով մեկ. Երևան և Եվրոպա։ 2010թ. Սոսե Հաբեշյանը Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտին նվիրել է մոր անձնական իրերը, որոնց շարքում նաև Մարիա Յակոբսենի իրերն էին։
Աննա և Հովսեփ Հաբեշյանները վախճանվել են 20-րդ դարի վերջին` մի քանի ամսվա տարբերությամբ։ Ամուսնուն հողին են հանձնել Աննայի կողքին՝ Օձունի վանքի բակում։ Նրանց շիրիմների վրա խոնարհված են վանքի բակում աճող եզակի ծառերի ճյուղերը։
ru.armeniasputnik.am