ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ VS ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ,
Հոգեբան
Եգիպտոսի ստրկությունից դուրս գալով, Իսրայելը ստիպված եղավ 40 տարի թափառել անապատում` մաքրվելու մեղքերից, անհավատությունից և եգիպտական պիղծ սովորություններից:
Դուրս գալով խորհրդային անաստված կարգերից, մեր ազգին էլ տասնամյակներ պահանջվեց` ձերբազատվելու անհավատությունից ու անաստվածությունից: Գործընթացն ավարտված չէ: Հին սերնդից ոմանք, դեռևս խորհրդային դաստիարակության ու նպատակային կրթության ազդեցության տակ, մերժում են Աստծուն, հավատքն ու եկեղեցին: Ցավոք, դեռևս ոմանց աշխարհայացքում էլ սնոտիապաշտությունը, կախարդություններն ու տարատեսակ աստղագուշակություններն են փոխարինում ճշմարիտ հավատքին: ՙԲարձրինտելեկտ՚ այլ տարրեր էլ մի ուրիշ ծայրահեղության են տրվել` կոչ անելով վերադառանալ հին հավատքին՝ կռապաշտությանը: Համոզված են, որ եթե մնայինք հեթանոսության մեջ, շատ տարածքներ կգրավվեր, հարուստ ու գերհզոր երկիր կլինեինք: Տարօրինակ մտածողություն: Իրականում հին դարերում են կռապաշտ ազգերը հաջողությունների հասել, չէ՞ որ գրեթե բոլորն էին կռապաշտ: Մի ազգը հաջողություն է գտել, մեկը՝ ոչ: Եվ դա կուռքերի շնորհը չէր, այլ նախախնամության, կամ, եթե կուզեք՝ պատահականության: Եթե կռապաշտ ազգերն այդքան հարգի են մեր ինտելեկտուալ որոշ անհատների համար, ապա« ասացեք խնդրեմ, որտե՞ղ են հիմա Ասորեստանը և մյուս հզոր կռապաշտ թագավորությունները: Մեր ժամանակներում էլ կան կռապաշտ երկրներ ու աֆրիկյան ցեղեր. մի՞թե ցանկանում ենք քաղաքակրթությամբ և այլ որակներով նման լինել նրանց: Քրիստոնեությու՞նն է մեզ հետ պահել նրանց նման զարգացած լինել: Հավանաբար այդ մարդկանց համար ամենաիդեալական երկիրը Հնդկաստանն է, իսկ ամենաերանելի քաղաքակրթությունը՝ աֆրիկյան ցեղերինը:
Բարեբախտաբար, Խորհրդային Միության փլուզումից հետո հայ մարդու մեջ կրկին արթնացավ ճշմարիտ քրիստոնեական հավատքը: Մեծ թափ առավ եկեղեցիների վերաբացումն ու շինարարությունը: Մարդկանց մեջ արթնացավ քնած հոգին: Դպրոց մտավ Եկեղեցու պատմություն առարկան: Նոր սերունդը կարողացավ դուրս գալ խորհրդային ժամանակներից մնացած անհավատության փլատակներից:
Արցախյան ազատամարտին մասնակցող հարյուրավոր հայորդիներ, տեսնելով Աստծո զորությունն ու բազում հրաշալի վկայություններ, անգամ առանց քարոզիչների, լցվեցին հավատքով ու մկրտվեցին: Շնորհիվ հոգևոր զարթոնքի, նոր սերունդը նախնիներից ավելի հասուն ու սթափ է հոգևորապես: Եթե հների մոտ դեռևս մնացել է տարատեսակ գուշակությունների միջոցով հոգու սովին հագուրդ տալը, ապա նորերը քաջ գիտակցում են, որ այդ ճանապարհը կործանարար է ու անընդունելի: Այսօր երիտասարդները, ի տարբերություն հների, քաջատեղյակ են եկեղեցական արարողություններին, տոներին, ավանդույթներին: Այն դեպքում, երբ տարիներով ընթերցանությունը դեֆիցիտ էր, հավատքի մեջ եղող երիտասարդները հաճույքով, առանց պարտադրության ընթերցում են Աստվածաշունչը, սուրբ հայրերի գրվածքները և այլ հոգևոր գրականություն: Շնորհիվ այս ամենի, վայրենանման սովորություններն այլևս ծիծաղելի են ու խոտելի:
Վերադառնանք հին Իսրայելին. այս ազգն, Աստծո զորությամբ գրավեց Քանանի երկիրը՝ կործանելով ու հողին հավասարեցնելով հեթանոս, կռապաշտ հզոր ազգերի ու ցեղերի, բայց, հանգստանալով պատերազմներից, կրկին փորձեց վերադառնալ եգիպտական չար սովորություններին: Սկսեցին նաև նմանակել իրենց իսկ կողմից կործանած կամ ստրկացրած ազգերի կռապաշտ սովորություններին: Արդյունքում արժանացան բազում զրկանքների, պատերազմների, ժանտախտների, սովի:
Հիմա դառնանք մեզ: Մենք է՞լ ենք ուզում արժանանալ դրան: Այլևս հավատքը, Աստված, եկեղեցին պե՞տք չեն:
Կցանկանայինք հարց ուղղել այն անհատներին, ովքեր իրենց թույլ են տալիս ամպագոռգոռ հայտարարություններ անել, թե պետք է եկեղեցին վռնդել դպրոցներից… ո՞ր եկեղեցին նկատի ունեն, ա՞յն, որի շնորհիվ հաստատվել է հայ դպրությունը:
ՀԵՊ-ը հանելով դպրոցներից՝ կկորցնենք հայ մարդու ինքնությունը պահելու իրական հնարավորությունը: Հավատքը դաստիարակում է անձնուրաց հայրենասիրություն, ՔՐԻՍՏՈՍԻ պատգամի համաձայն. Իմա՝ չկա ավելի մեծ սեր, քան այն, ով իր անձն է տալիս իր ընկերոջ համար:
Բաբելոնն է եղել
մեր ախոյեանը՝ տէ՜ս,
Անհետ կորել, անցել է
չար մշուշի պէս:
Ասորիքն է եղել մեր թշնամին,
ահա՜,
Դաշտ է տեղը եւ
չըկայ քար քարի վրայ:
Վ. Տերյան