ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ
ՙԴա է իմ սիրելի Որդին,
որին հավանեցի, Դրան լսեցեք՚
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տիրոջ Պայծառակերպությամբ հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է:
Քրիստոս աշակերտների համար վարդապետ էր, ուսուցիչ, բայց պայծառակերպությամբ Նա ամենամոտ աշակերտներին ցույց տվեց իր ողջ փառքն ու աստվածությունը: Գեղեցիկ է նկարագրում Տիրոջ Պայծառակերպությունը ռուս ուղղափառ եկեղեցու ավագ քահանա Անդրեյ Տկաչովը. ՙՔրիստոս, արև լինելով, ի զորու է թաքցնել իր էությունը: Պայծառակերպության ժամանակ Նա, կարծես, մի փոքր դուրս եկավ ստվերից՝ ցույց տալով Իր շողերը՚: Իսկ Սուրբ Գրիգոր Պալաման ասում է. ՙՊայծառակերպության ժամանակ ոչ թե Քրիստոս է փոխվել, այլ փոխել է իր կողքին գտնվողների տեսողությունը, տեսնելու համար Իր իրական էությունը՚:
Եվ այսպես.
ՙՎեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: Պետրոսը Յիսուսին ասաց. ՙՌաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար՚: Սակայն չգիտէր, թէ ինչ էր խօսում, որովհետեւ զարհուրած էին: Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. ՙԴա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք՚՚: Մարկոս 9:1-6
Ապշած աշակերտների առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին (Ղուկաս 9:31):
Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար կյանքը և մահն էին ներկայացնում: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի երկինք վերացավ հրեղեն կառքով:
Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:
Այլակերպության իմաստը բացվում է նաև նրա խորհրդապատկերներում: Լեռը՝ լռությունն է, մեկուսացված վայր, որտեղ դյուրին է աղոթել և մեր անհանգիստ միտքը միաբանել Աստծո հետ: Թաբոր, թարգմանաբար մաքրություն և լույս է նշանակում: Իմա, նա, ով իր մեղավորությունն է տեսնում և մեղքերի համար ապաշխարում, ազատագրվում է հոգու կեղտից` պատրաստվելով ընդունելու Աստվածային անձեռագործ լույսը:
Պայծառակերպության տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Պատրաստեց
Սոֆի ԲԱԲԱՅԱՆԸ