[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻՐՈՋ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՏՈՆ

ՍՈՖԻ ԲԱԲԱՅԱՆ

Սուրբծննդյան ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է: Հրեաների մոտ սովորություն էր արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլփատել, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի և աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև անվանակոչությունը: Հրեական օրենքի համաձայն (Ծննդոց 17:12; Ղևտացիներ 12:3)՝ Ծննդյան ութերորդ օրը, Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, Մանկանը տարան տաճար, թլփատել տվեցին և անունն էլ Հիսուս դրեցին, որ եբրայերեն նշանակում է Փրկիչ: 

Հիսուս Քրիստոս թլփատվեց, որպեսզի հաստատի Աբրահամի հետ Աստծո ուխտի ճշմարտությունը, որովհետև չգարշեց Իր իսկ դրած Օրենքից, քանի որ այն մարդկանց համար դրեց: Հիսուս դրանով իսկ ցույց տվեց Իր ճշմարիտ մարդանալը կատարյալ մարդեղությամբ: Նա հինն ամբողջովին կատարեց և ապա նորի սկիզբը դրեց, այսինքն՝ մկրտության ու շնորհի, որպեսզի Ինքը լինի Սկիզբն ու Վախճանը (Հայտնություն 1:17) ոչ միայն ըստ Աստվածության, այլև ըստ մարդկության:
Սակայն Տերը մկրտությամբ մարմնավոր թլփատությունը փոխարինեց հոգևոր թլփատությամբ (Հռոմեացիներ 2:29):
Քրիստոնյաների համար այս տոնը հիշատակ է հոգևոր թլփատության, սրտի թլփատության. այսինքն՝ Սուրբ Հոգու համաձայն ապրելն է և ոչ թե գրավոր Օրենքի: Այդպիսի մեկը գովաբանվում է ոչ թե մարդկանցից, այլ Աստծուցե (Հռոմեացիներ 2:29):
Այս տոնին ՀԱԵ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Անմասն չմնաց նաև Ստեփանակերտի Աստվածածնի սուրբ Հովանի Մայր տաճարը: Հավարտ Պատարագի կատարվեց հոգեհանգստի կարգ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:
Նշենք նաև, որ Պատարագին ներկա հավատացյալներին Տեր Ներսես քահանա Ասրյանը նվիրեց Կիպրիանոսի աղոթագրքույկը: