[ARM]     [RUS]     [ENG]

Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ

Սոֆի Բաբայան

 Այսօր ՀԱԵ հիշատակվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտը Վիրապ: Սա շարժական տոն է: Ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի՝ այն նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։ Տոնը կատարվում է ի հիշատակ Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած բազմամյա ծանր զրկանքների ու չարչարանքների։ 

Մի քանի տասնյակ հավատացյալներ ուխտավորաբար եղան Ամարասում՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին: Պատարագիչը Ամարասի վանահայր հայր Գեղարդ Հովհաննիսյանն էր: Սուրբ Պատարագին ներկա էին նաև զինվորականներ ու ռուս խաղաղապահներ: Հավարտ Պատարագի, Հայր Գեղարդը գրքույկներ նվիրեց զինվորներին: 

Պատմագրական ու վարքագրական աղբյուրների համաձայն` Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ Գրիգոր Լուսավորիչը վիրապում մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին Լուսավորչին նվիրված երեք տոն ունի` Մուտն ի Վիրապն, Ելն ի Վիրապէն և Գյուտ նշխարաց:

Խոր Վիրապում կրած չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի Ավետարանի լույսն է տարածում Հայոց աշխարհում և նրա քարոզչության ու գործունեության շնորհիվ Հայաստանը դառնում է քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին երկիրը:


Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրած իր ներբողում Ս. Հովհան Ոսկեբերանը գրում է. «Հիշե՛ք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքա՞ն էր նեղություններով դառնացած.... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ՝ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը։ Որ ապրում էր իժերի և քարերի մեջ, որտեղ ո՜չ զրուցակից կար, ո՜չ վշտակցող բարեկամ, ո՛չ օգնական, ո՛չ մխիթարող և ո՛չ ծառայող։ Այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին։ Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն…»։