Սուրբ խաչի օծումը` հայր Բորիսի ձեռամբ (լուսանկարներ)

Գայանե Գևորգյան

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 ԱՀ Իվանյան համայնքում, որտեղ տեղակայված են ՌԴ խաղաղապահ զորքերը, այսօր՝ մարտի 27-ին, ՌԴ խաղաղապահ զորքերի քահանա հայր Բորիսի ձեռամբ տեղի ունեցավ խաչի օծման արարողությունը։

Ներկա էին ՌԴ խաղաղապահ ուժերի զինվորականներ, Հայ Առաքելական եկեղեցու քահանաներ, Արցախում ռուսական համայնքի ներկայացուցիչներ և այլն։
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին Սուրբ Խաչի օծումը բավականին հուզիչ և տպավորիչ արարողություն է, ինչը մանավանդ կարևոր է ամեն մի քրիստոնյայի համար ՝ անկախ նրանից նա Ուղղափառ, թե Առաքելական եկեղեցու դավանանքն ունի։
Միասնական աղոթքով և պաշտամաունքով կատարվեց օծման արարողությունը, որից հետո ներկաներին իրենց խոսքը բերեցին Հայր Բորիսը, ՌԴ խաղաղապահ ուժերի գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը, Առաքելական եկեղեցու քահանա հայր Սահակը։
Հայր Բորիսը ողջունելով բոլոր ներկաներին, իր խոսքում կարևորեց․ <Այսօր մենք միասին մի այնպիսի իրադարձության ենք մասնակցում, որը հետագայում կհիշեն նաև մեր սերունդները։ Խաչը վերցնել և Տիրոջը հետևել․ սա է այսօր ամենակարևորը։ Խաչը ոչ միայն մահվան դեմ հաղթանակի, այլ նաև արժեքների հաստատման խորհրդանիշն է։
Երկրպագության խաչի հաստատումը բազմադարյա ավանդույթ է։ Այդպես անում էին առաքյալները՝ դրանով հիմք դնելով այդ հողում իրենց առաքելության սկզբին։
Այսօր նաև Մեծ Պահքի շրջանի այն օրն է, երբ ննջեցյալներին են հիշատակում, այս անձրևը, երևի, լացն է նրանց համար>։
ՌԴ խաղաղապահ ուժերի գեներալ-մայոր Ս․ Ժմուրինը նշեց․ <Այսօր օծվում է Ուղղափառ եկեղեցու խաչը։ Մենք եկանք այս բազմաչարչար երկիրը, որպեսզի խաղաղություն կառուցենք։ Մենք պարզապես արյունահեղությունը կանգնեցնելու համար չենք այստեղ, այլև կառուցելու համար։ Հենց այդ պատճառով մենք այսօր օծում ենք այս խաչը։ Մի քանի օրից կսկսվի նաև Ուղղափառ եկեղեցու կառուցումը։ Բայց քանի որ խաղաղապահ կոնտինգենտը նաև բազմազգ է, կան տարբեր հավատքի ու դավանանքի մարդիկ, դրա համար Ուղղափառ եկեղեցու կառուցման զուգահեռ կկառուցվի նաև մզկիթ։
Սա կարևոր իրադարձություն է։ Ռուսաստանը միշտ օգնել է նրանց, ովքեր դրա կարիքը ունեին։ Ռուսական զորքը ուժեղ է ոչ միայն զենքով, այլև հոգով։ Դրա համար մենք հավատում ենք Աստծուն, մեր զենքին, մեր հզոր երկրին >։
<Բոլորդ գիտեք, որ Հայաստանը աշխարհում առաջինն է քրիստոնեությունը ընդունել՝ որպես պետական կրոն, և միշտ հավատարիմ է եղել Քրիստոսին։ Այսօր մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր մեր օրհնյալ հողի վրա օծվեց այս սուրբ Խաչը, որից աստվածային լույս ենք ստանում>,-հավելեց ՀԱԵ Արցախի թեմի թեմակալ առաջնորդի տեղակալ հայր Սահակը, որից հետո նվիրաբերեց Ս․ Աստվածածնի սրբապատկերը։