[ARM]     [RUS]     [ENG]

Օվսաննա՜ ի Բարձունս

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր՝ մարտի 28-ին, Զատկի տոնից մի շաբաթ առաջ, նշում է Ծաղկազարդը։ Նորկտակարանյան չորս ավետարանիչներն էլ մանրամասն նկարագրում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ ՛՛Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ Եվ նրանք, որ Հիսուսի առաջից կամ հետևից էին գնում, աղաղակում էին և ասում՝ Օվսաննա՜ Բարձրյալին, Օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, Օրհնյա՜լ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։ Խաղաղություն երկնքում և փառք Բարձրյալին՛՛,-այսպես է նկարագրում Մարկոս ավետարանիչը ավանակի վրա նստած Տիրոջ մուտքը Երուսաղեմ։
Հրեաները, իրենց սովորության համաձայն, Զատկի տոնից հինգ օր առաջ գառը տուն էին բերում, որպեսզի հետո այդ գառը զոհաբերեին Զատկին։ Դա էր պատճառը, որ Քրիստոսը Զատկի տոնից առաջ եկավ Երուսաղեմ՝ իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, ով պիտի պատարագվի մարդկության փրկության համար։
Այսօր եկեղեցիներում, չնայած Մեծ Պահոց շրջանին, որի ժամանակ Հաղորդություն չի տրվում, վարագույրը բացվեց և հավատացյալները կարողացան Հաղորդություն ստանալ։ Մայրաքաղաքի Սուրբ Աստվածածնի Հովանու մայր տաճարում պատարագիչ Տեր Անդրեաս քահանան ներկաներին հղեց իր խոսքը․ ՛՛Այսօր Քրիստոսի գալստյան տոնն ենք նշում։ Այն իր մեջ մեծ խորհուրդ ունի, քանի որ Քրիստոսը՝ Խաղաղության Թագավորը, հիմա գալիս է մեր հոգիների մեջ, որպեսզի մենք էլ աղաղակենք ու ասենք՝ Օրհնյալ ես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով։ Այլ հարց է՝ պատրաստ ենք մենք ասելու դա։ Մեր մեղքերը հաճախ խանգարում են, որ ընդունենք Թագավորին։ Մեր սրտերը մաքրենք բոլոր տեսակի մեղքերից, որ սիրով և ուրախությամբ ընդունենք Բարձրյալին։
Այս օրերի մեջ մեծ ցավ ու սուգ ենք ապրում։ Բացենք մեր սրտերը Տիրոջ առաջ, որպեսզի Նա խաղաղություն տա մեր հոգիներին և պատրաստ լինենք նաև Նրա երկրորդ Գալստյան՛՛։
Եկեղեցին լեփ-լեցուն էր մանուկներով, քանի որ Ծաղկազարդի տոնին կատարվում է նաև մանուկների օրհնության կարգ։ Նոր Կտակարանում, երբ երեխաներն ուզում էին մոտենալ Հիսուսին, աշակերտները արգելեցին՝ մտածելով, որ երեխաները խանգարում են։ Քրիստոսը հանդիմանեց նրանց ու ասաց․ ՛՛Թույլ տվեք, որ այդ մանուկները գան ինձ մոտ,-ապա ավելացրեց,-եթե այս մանուկների նման չլինեք՝ Երկնքի արքայությունը չեք մտնի՛՛։

Տիրոջ խոսքի համաձայն՝ հավատացյալներն իրենց երեխաներին բերեցին եկեղեցի և քահանան օրհնեց նրանց, որից հետո հավատավոր ժողովրդին բաժանվեց ուռենու ճյուղեր։