ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՝ ՄԻՖ
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Ամերիկացի պատմաբան և փիլիսոփա Վիլլիամ Լայն Քրայգն ասել է. ՙՀարության վարկածը և՜ ստուգելի է, և՜ հերքելի: Այն ստուգելի է՝ դատարկ գերեզմանի պատմական ճշմարտությունը, Քրիստոսի երևալը և քրիստոնեական հավատի ծագումն ապացուցելու միջոցով, իսկ հերքելի է՝ ժխտելով վերը նշվածները կամ նատուրալիստական բացատրություններ ներկայացնելով դրանց համար: Իրականում ես պետք է այնքան առաջ գնամ, որպեսզի ասեմ, որ չկա գեթ մեկ դեպք հարության նկարագրության մեջ, որ սկզբունքորեն անհնարին լինի պատմականորեն ստուգել կամ ժխտել՚:
Ըստ քրիստոնեական փորձագետների՝ հերքելու համար Քրիստոսի հարությունը, պետք է հորինենք մի տեսություն, որը կկարողանա երեք պատմական փաստ բացատրել.
1. Քրիստոսին գերեզմանափորի մեջ դնելուց 3 օր հետո ինչպե՞ս այն դատարկ գտնվեց:
2. Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա ինչպե՞ս է խաչելությունից հետո մոտ 7 շաբաթվա ընթացքում երևում հարյուրավոր մարդկանց:
3. Ինչպե՞ս պատահեց, որ առաքյալներն, ովքեր վախից փախել ու ուրացել էին Տիրոջը, հարությունից հետո դարձան համարձակ քարոզիչներ ու նահատակներ:
Հարության որոշ հակառակորդներ ենթադրում են, թե կանայք, ովքեր առաջինն են տեսել դատարկ գերեզմանը, կարող էին շփոթել գերեզմանափորի տեղը: Մինչդեռ հրեա առաջնորդներն, ովքեր զինվորներ էին կարգել Տիրոջ գերեզմանի մոտ, այս պարագայում կուղղեին կանանց սխալմունքը: Մատթևոսի 28-րդ գլխում գրված է, որ հրեա առաջնորդները կաշառել են զինվորներին, որպեսզի վերջիններս ասեն, թե իբր քնով են անցել, ինչից օգտվել են աշակերտներն ու գողացել Հիսուսի մարմինը: Հարց. եթե քնած էին, որտեղից իմացան, թե ով է գողացել մարմինը:
Այլ ընդդիմախոսներ էլ համոզված են, թե առաքյալները դավադրական համաձայնության գալով, փորձել են իրենց ուսուցչի մահվան բոթը փոխարինել՝ Նրա հաղթական Հարությամբ: Ինչպես գիտենք, հին դարերում կանայք ստորադասված կարգավիճակում էին, ուստի, եթե առաքյալները ցանկանային կեղծել Քրիստոսի հարությունը, ապա վստահաբար կանանց առաջին պլան չէին մղի: Չէ՞ որ չորս ավետարանիչներն էլ վկայում են, որ դատարկ գերեզմանը հենց կանայք են առաջինն այցելել: Առաջին դարերում, երբ կանանց խոսքը հավասարազոր էր ստրուկների խոսքին, հաջող քայլ չէր կարող դիտվել առաքյալների ՙարկածախնդրության՚ գործում նրանց գործածելը, դա գիտակցաբար պլանների ձախողում կլիներ:
Շատերն էլ ասում են, թե, իբր, մահից հետո Հիսուսի երևալը պարզունակ հալյուցինացիա էր: Մինչդեռ հոգեբուժությանը նման բան հայտնի չէ, որ 500 հոգի միևնույն հալյուցինացիան ունենան:
Ինչպես ասում է ռուս հայտնի Աստվածաբան Ալեքսեյ Օսիպովը, եթե մի երևույթի մասին մեկ կամ երկու հոգի են վկայում, կարող ենք կասկածի տակ առնել, բայց երբ դրա մասին վկայում են շատերը, ապա կասկածելը տհասություն է: Խորհրդային աթեիզմը չարախնդում էր. ՙՔրիստոսի թվացյալ Հարության մասին վկայությունները հակասական են. մեկը մի բան է ասում, մյուսը՝ այլ՚: Սրանից եզրակացնում են, որ նրանց վկայություններն իրատեսական չեն: Մինչդեռ սա պարզ մանիպուլյացիայի փորձ է: ՙԻրավաբանական ֆակուլտետներում,- ասում է Ա. Օսիպովը,- տեսեք ինչ փորձարկումներ են իրականացնում. ուսանողները սպասում են պրոֆեսորին, նրա փոխարեն լսարան են ներխուժում մի խումբ ավազակներ ու ծեծկռտուք սարքում, որը տևում է 2-3 րոպե: Ավազակների դուրս վազելուց հետո, հանդիսավոր կերպով ներս է մտնում պրոֆեսորն ու հարցնում, թե տեսե՞լ են, արդյոք, ինչ է կատարվել: Ոգևորված ուսանողները պատասխանում են, որ տեսել են: Պրոֆեսորը նրանց 10 րոպե ժամանակ է տալիս իրենց տեսածը գրի առնելու: Այնուհետև հավաքում են գրածներն ու բարձրաձայն կարդում: Լսարանում բուռն ծիծաղ է սկսվում. ծեծկռտուքի մանրամասնությունների մասին ամեն մեկն իր ընկալումներով է կիսվում, այն դեպքում, երբ բոլորն էլ նույն իրադարձությանն էին ականատես եղել: Այնուհետև պրոֆեսորը սովորեցնում է. ՙՀիմա հասկացա՞ք: Երբ քննիչ դառնաք, հիշեք, որ եթե հանցագործության վկաները բոլորն անխտիր, կետ առ կետ նույնկերպ պատմեն եղելության մասին, իմացեք, որ դա գաղտնի դավադրություն է: Իրականում նման բան երբեք չի լինում: Աշխատում է վկաների երևակայությունը, յուրաքանչյուրն ունի սուբյեկտիվ ընկալում ու, սովորաբար, տարբեր կերպ են մատուցում իրենց տեսածն ու լսածը: Բայց նրանք բոլորը միևնույն բանն են ասում ամենակարևորի մասին. այս պարագայում այն, որ ծեծկռտուք է եղել, իսկ թե ով ում է հարվածել, ինչ դիրքից և այլ մանրամասնություններ մատուցվում են յուրովի՚: Նույնն է կատարվել նաև Քրիստոսի Հարության մասին պատմողների դեպքում. կարևոր իրադարձությունը՝ Տիրոջ Հարությունը, բոլորը միաբերան հաստատում են, բայց մատուցման մանրամասնություններն ու մանրուքները, բնականաբար, տարբերվում են: Սա խոսում է այն մասին, որ վկաները դավադիր համաձայնության չեն եկել՝ սուտ բան հրամցնելու համար, այլ պատմել են այն, ինչ տեսել ու լսել են: Սա Քրիստոս Հիսուսի Հարության ամենափայլուն ապացույցն է՛՛:
Իհարկե, տառակերների համար չորս ավետարանիչներն ու մյուս առաքյալները տարբեր կերպ են պատմել Հարության մասին, բայց, եթե փորձեն մի փոքր մտորել, կհասկանան, որ քրիստոնյաներն արդեն 2-րդ դարում պետք է այդ տարբերությունները նկատեին ու ուղղեին, բայց չեն արել, որովհետև ոչ մեկն իրեն իրավունք չի վերապահել փոխելու առաքյալների գրվածքները: Դրանք մեզ են հասել անփոփոխ: Գանք Սողոսին, ով ոչ միայն Քրիստոսի հետևորդը չէր, այլև հալածում էր եկեղեցին, բայց Հարուցյալ Տիրոջը հանդիպելուց հետո կտրականապես փոխեց իր աշխարհայացքն ու կյանքը, Սողոսից վերածվելով Պողոսի, որը Քրիստոսի հավատարիմ հետևորդն ու առաքյալը դարձավ: Կորնթացիներին ուղղված առաջին նամակում վերջինս ասում է. ՙԵւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք՚:
Իսկ այն, որ առաքյալներն ու սուրբ հայրերը մարտիրոսության են գնացել ավետարանելով Տիրոջ Հարությունը, անցել բազմաթիվ տառապանքներով, ենթարկվելով կտտանքների, մի՞թե Տիրոջ Հարության ապացույցը չէ: Ո՞վ կհամարձակվի մեռնել ստի համար:
ՙՆրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ: Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ՚:
ՙՔրիստոս Յարեաւ ի մեռելոց՚
ՙՕրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի՚
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են ՙՔրիստոս Յարեաւ ի մեռելոց՚ ավետիսով, պատասխանում՝ ՙՕրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի՚: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է ՙհիսունք՚ բառից:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ ՙՄիայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի՚, և ինչպես իմաստուններն են ասում. ՙԴրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը՚: