[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՄԱՐԱՍ

 Սոֆի Բաբայան

 Հուլիսի 24֊ին,  Սուրբ Գրիգոր Լուսավորչի  որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի խնկելի հիշատակի օրը, ՀԱԵ Արցախի թեմը մեծ ուխտագնացություն է կազմակերպել դեպի Ամարաս, որտեղ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ։  Նա մաղթանքներ է հղել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անխախտության, զորական և զինվորական ուժի անսասանության, գերեվարված քույր-եղբայրների շուտափույթ վերադարձի, վասն հավատո և վասն հայրենյաց ընկածների հոգիների փրկության համար։ Պատմեց հայոց դարձի մասին, որն իրականացավ սուրբ Գրիգոր Լուսավորչի միջոցով: Լուսավորչի թոռ սուրբ Գրիգորիսը, որպես Աղվանից առաջին կաթողիկոս ու հայրապետ, իր քարոզչությունը սկսում է իր պապի հիմնած Ամարասի վանքից: Այստեղ  է Տրդատ թագավորի և Լուսավորչի ձեռամբ դրված անկյունաքարն ու հիմնաքարը՝ դրոշմված հայրապետների կնիքներով և Աստծո օրհնությամբ: Ժողովուրդն ու պետական ավագանին միանգամից ընդունում է Աստծո խոսքը: Սուրբ Գրիգորիսի մասունքները հուղարկավորված են Ամարասի վանքում: ՛՛Աստված օրհնել է մեր ժողովրդին, մնում է միայն, որ ժողովուրդը հաղորդական վիճակում լինի Աստծո հետ: Ուստի շատ կարևոր է  ուխտագնացությունների և աղոթքի դերն այդ հարցում: Հաղորդվելով սուրբ Գրիգորիսի մասունքների հետ, նշանակում է վերականգնումը ուխտի ու այն մեծ դարձի, որը կոչվում է Հայոց մեծ դարձ: Մենք պետք է բռնենք մեր հայրերի աներևույթ ձեռքը: Դրա համար մենք պետք է աղոթենք, մեր սիրտը բացենք Աստծո առաջ և սրբերի բարեխոսությունը խնդրենք: Բայց, ինչպես աղոթել, եթե մեր մտքերը շեղված են, մեր սիրտը ծանրացած է ու քարացած: Աստված այդ ամեն ինչի պատասխանը գիտի: Փորձիր և կստացվի: Բացիր դուռը, որը քեզ փակ է թվում և Աստված կլսի քո ձայնը: Ուխտը վերականգնվում է աղոթքի և սիրո միջոցով: Ունեցեք սիրո և աղոթքի բանալին: Ուխտագնացությունը դա սեր է առ Աստված: Այս դժվար վիճակում, մենք պետք է ավելի համախմբվենք, աղոթենք, սիրենք իրար: Մշտապես աղոթեք ու երբեք չվհատվեք՛՛: 

Հավարտ Պատարագի կազմակերպվեց մատաղի արարողություն և համերգ՝ Մարտունու «Քնար» համույթի և պետական երգչախմբի մասնակցությամբ: