[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՂՆ ԱՅՍ ՋՐԻՑ ԱՌԱՎԵԼ ԱՐՅԱՄԲ Է ՈՌՈԳՎԱԾ.ԴԱ Ե՛Վ ՑԱՎ Է Ե՛Վ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

 Սոֆի Բաբայան

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին,  Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: Այսօր առավոտյան Արցախի բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր տաճարում հոգեհանգստյան արարողությունը մատուցվեց  ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ու պաշտոնատար այլ անձինք:  

Հոգեհանգստյան կարգից հետո ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր հովվական խոսքն ուղղեց ներկաներին՝ արժևորելով հայ ազգի ուխտը, որպես Հայկի սերունդ, որն ընտրել է հետևել  Քրիստոսին ու ընթանալ հավիտենության ճանապարհով: Թեև թշնամին մեզ զրկեց մեր հայրենիքի զգալի մասից, բայց դրանով չդադարեց մեր ուխտը, հակառակը, այն ավելի սրբագործվեց մեր նորօրյա նահատակների թափած արյամբ, նշեց Սրբազան Հայրը: Նրա հորդորն էր՝ աղոթել նահատակների հոգու համար,  շեշտելով, որ աղոթքն առանց գործերի անզոր է, պետք է արժանավայել  ապրենք նահատակների  արյամբ  փրկագնված  հողում, մեղքերից ապաշխարենք, հեռու մնանք չարից: Նահատակների արյունը շշնջում է մեզ, որ մենք այլևս իրավունք չունենք ընթանալու նախկին անհատական և հասարակական կենսակերպով, հավաստիացնելով, որ  նորոգությունը կգա այն ժամանակ, որ մենք սկսենք իրար սիրել, լինել աստվածավախ ու հայրենանվեր:

Սրբազանը հիշեցրեց, որ ազգերը պատերազմների և այլ  արհավիրքների են հանդիպում այն ժամանակ, երբ մարդիկ հեռանում են Աստծուց և կորցնում  իրենց բարոյականությունն ու առաքինությունը: Ուստի քաջություն պետք է ունենանք տեսնելու մեր սխալներն ու մեղքերը, որոշելով  քայլել առաքինի ընթացքով, այլապես անօգուտ են մեր աղոթքներն ու հիշատակի միջոցառումները:  

Սրբազանի խոսքով՝ մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք ապահով կյանքի համար հեռանալ մեր երկրից, այլ պարտավոր ենք մնալ ու այն ավելի անվտանգ դարձնել: Թեմի առաջնորդը հիշեցրեց, որ հայրենիքի վտանգի դեպքում մեր զավակների մեջ արթնանում է քաջության ու ինքնազոհողության հոգին, ու շատերն ինքնամոռաց նետվում են ռազմի դաշտ: Նա նշեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր անձնական շահը պետք է ստորադասի հայրենիքի շահին, ապրի արդար վաստակով ու առաքինի կյանքով:

-Ի վերջո, ամենադժվար հաղթանակն ինքդ քեզ հաղթելն է. եթե կարողանանք հաղթել ինքներս մեզ, այսինքն մեր չար ցանկությունները և դրանց տեղը լցնենք աստվածասիրություն, եղբայրասիրություն ու հայրենասիրություն,  ոչ մի թշնամի չի կարող խաթարել մեր խաղաղ անդորրը, քանզի այդ ժամանակ միայն  Աստված ամբողջապես ներկա կլինի մեր կյանքում. ո՞վ կարող է լինել մեզ հակառակ, եթե Աստված մեզ հետ է,- ասաց նա: Արցախի թեմի առաջնորդը վստահեցրեց, որ ով իր կյանքն է զոհում հանուն հայրենիքի, իր վարձքն Աստծուց է ստանում, հիշեցնելով, որ ոչ այս կյանքը, ոչ այս կյանքի ուրախություններն ու տխրությունները, հավիտենական չեն:

Վերջում, Սրբազանը  հոգու արիություն մաղթեց որդեկորույս մայրերին, որպեսզի իրենց զավակների մեծագույն սիրո դրսևորման գաղափարի շուրջ իմաստավորեն իրենց  կյանքը, սրտի ջերմություն ու խաղաղություն գտնեն նրանց հետ հոգևոր կապի միջոցով, աղոթեն Աստծո հավիտենական օթևաններում՝ նրանց հետ հանդիպման համար: Նա կրկին Աստծուն դառնալու և Նրա նախանշած ճանապարհներով քայլելու կոչ արեց, որպեսզի երկրավոր կյանքն այս հողի վրա մշտապես ապրելու և երկնային կյանքում մեր նահատակ հերոսների վիճակին հասնելու արժանանանք:

Այսօր՝ ժամը 11։00-ին հանրապետության ողջ տարածքում ի հիշատակ արցախյան 3-րդ պատերազմի հազարավոր զոհերի տիրեց մեկ րոպե լռություն, դադարեցվեց  երթևեկությունը և հոտնկայս հարգանքի տուրք մատուցվեց  Հերոսների անմար հիշատակին։

Այնուհետև, եկեղեցու զանգերի ներքո, հոգեհանգստի մասնակիցներն ԱՀ Նախագահի, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: