[ARM]     [RUS]     [ENG]

Ուխտագնացություն Ամարաս՝ ի հիշատակ Աղվանքի Սբ Գրիգորիս կաթողիկոսի նշխարքի գյուտի

Նանիկ Աղասյան

  Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում հոկտեմբերի 11-ը Աղվանքի Սուրբ Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու և 12 հայ ճգնավորների հիշատակության օրն է։

Եկեղեցական սրբերի հիշատակի օրն այս տարի նշվեց նաև Ամարասում, ուր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ ուխտագնացություն էր կազմակերպվել։

Ասկերանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց  սուրբ և անմահ Պատարագ։ 

Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը  աղոթք բարձրացրեց նաև պատերազմում նահատակվածների  հոգիների, գերիների շուտափույթ վերադարձի, վիրավորների կազդուրման, խաղաղության ու մեր երկրի անվտանգության  համար։

Ինչպես նշեց քահանան` ուխտագնացության նպատակը Քրիստոսի Արյամբ կնքված ուխտի շարունակական վերանորոգումն է՝ մեղքերի զղջման զգացումով եւ ապաշխարությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր քրիստոնյայի կողմից բարի խնդրանքներով եւ նպատակներով Աստծո հետ նոր, անձնական փոքրիկ ուխտ կնքելը։

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Սուրբ Գրիգորիսը եղել է Աղվանքի եւ Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել է բոլոր եկեղեցիները՝ Աստծո խոսքը քարոզելով մարդկանց։ Քարոզել է նաև մազքութների երկրում, սակայն վերջինների կողմից դաժանաբար սպանվել է։ Վկայելով Քրիստոսի հանդեպ իրենց անկոտրում հավատը, բազմաթիվ չարչարանքներով, նահատակվել են նաև Թաթուլ եւ Վարոս, Անտոն, Կրոնիդես սրբերն ու յոթ ճգնավորները։ Ավանդության համաձայն՝ նրանց մասունքներն ամփոփված են  Ամարաս վանքում։