[ARM]     [RUS]     [ENG]

Կիրակնօրյա դպրոցները՝ հոգևոր դաստիարակության հիմք

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցում տեղի է ունեցել կիրակնօրյա դպրոցների բացման արարողություն։ Այն սկսվեց մանուկների օրհնության կարգով՝  Սուրբ Աստվածամոր  Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի ձեռամբ։ Ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման գրասենյակի վարիչ Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ստեփանակերտի  Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը, ծնողներ, երեխաներ։ Տեր Ներսես քահանա Ասրյանն իր խոսքում անդրադարձ կատարեց կիրակնօրյա դպրոց բացելու մտահղացմանը, համավարակի պատճառով առաջացած խնդիրներին և դրանք հաղթահարելու ընթացքին․ «Ուրախ ենք հայտարարել, որ վերջապես մեկնարկում է կիրակնօրյա դպրոցի ծրագիրը։ Դեռ չունենք այն իդեալական պայմանները, բայց կարևորը սկիզբն է։ Արցախում միանգամից կգործեն երկու կիրակնօրյա դպրոց՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարին և Մարտակերտի Սուրբ Հովանու Կարապետ եկեղեցուն կից։ Մեր գլխավոր նպատակը երեխաներին հոգևոր դաստիարակություն տալն է։ Այս ծրագրով երեխաները սովորելու են նաև  նկարչություն, հոգևոր երգեցողություն, ծանոթանալու՝ կիրառական արվեստի տարբեր ճյուղերի»։

ԱՀ ԿԳՄՍ նախարարը կարևորելով կրթության ոլորտում կիրակնօրյա դպրոցների բացումը, դիմեց երեխաներին․ «Սա բացառիկ հնարավորություն է ձեզ համար։ Բացի հոգևոր և ազգային գիտելիքներ ստանալուց, սա Աստծուն մոտենալու, մեր արարչաստեղծ էությանը վերադառնալու հնարավորություն է։ Համոզված եմ, որ կիրակնօրյա դպրոցներով մեր կրթական համակարգն ուժեղանալու է»։

Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը երեխաներին կոչ արեց չթաքցնել իրենց տաղանդները, ավելացնել և ծառայեցնել Տիրոջը։ «Կիրակնօրյա դպրոցում երեխաները կհաղորդվեն ոչ միայն քրիստոնեական արժեքներին, այլև ազգային ավանդույթներին։ Հատկապես հետպատերազմյան շրջանում սա անհրաժեշտություն է։ Այն իր բարեբեր պտուղները կտա։ Վստահ եմ, որ սա մի փոքրիկ բջիջ կլինի, որը հետագայում կծլարձակի։ Ուզում եմ նաև ամենքին փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնությունները»,-իր խոսքն ավարտեց Հայր Սուրբը։