[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆՈՒՄ

 

«Այն, ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար» կարգախոսով այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 17:00-ին Արցախի գործող բոլոր եկեղեցիներում ապաշխարության աղոթք բարձրացվեց առ Աստված` հանուն Արցախի խաղաղության:

Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո համազգային միասնականության, ապաշխարության աղոթք բարձրացվեց:  Բազմամարդ էր եկեղեցին: «Տեր  ողորմյա» շարականի ներքո բոլորը ծնկաչող աղաղակեցին առ Աստված մեր Հայրենիքի խաղաղության համար:

Ներկա կացյալ հավատացյալներին խոսք ուղղեց Սբ Աստվածամոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը: Նա իր խոսքում կարևորեց հայ ազգի միաբանությունը` հիշեցնելով, որ ողջ պատմության ընթացքում, թեև միշտ էլ անհավասար պատերազմներ ենք ունեցել, բայց միաբանությամբ և Աստծով հասել ենք մինչև մեր օրերը: Ասաց, որ չկան այնպիսի դժվարություններ, որոնք չենք կարող լուծել Աստծո օգնությամբ, հատկապես, որ Սուրբ Գիրքն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ դեմ լինել»: «Աստված միաբանության մեջ է գործում, որտեղ կա բաժանում, չի կարող լինել նաև Աստծո ներկայությունը»,-ասաց Տեր Ներսեսը:

 Վերջում կատարվեց Հոգեհանգստի կարգ՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի մեր նահատակների հոգիների խաղաղության համար:

ՀԱԵ Արցախի թեմը կոչ է անում մեր ժողովրդին զինվել ամուր հավատով և համբերությամբ` այս դժվարությունների պահին անդրադառնալով մեր ապրած կյանքին ու Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններին։ Մշտապես ուշադրություն դարձնելով հոգևոր իրականությանը՝ մասնակցել եկեղեցածիսական արարողություններին և զարկ տալ սեփական հոգևոր զարթոնքին: Այս իրավիճակից միայն Աստված կարող է մեզ դուրս բերել:  «Դարձեք դեպի Ինձ և Ես կդառնամ դեպի Ձեզ», - ասում է Աստված:

Հիշեցնենք, որ ՀԱԵ Արցախի թեմը կոչ է անում  նաև, որպեսզի մինչև Հարության տոնը` վերջին շաբաթը, որ կոչվում է Ավագ Շաբաթ (ապրիլի 11-16-ը՝ ներառյալ), ամեն օր` երեկոյան ժամը 19:00-ին, ամեն մեկն իր տանը, թե դրսում,  թողնի իր գործերն ու միաբան աղոթք բարձրացնի Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար: Այս նախաձեռնության կարգախոսն է՝ «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:

 

 

 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ