Logo
Print this page

«Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»

Աստվածամոր Ավետման տոն օրվա խորհրդի վերաբերյալ զրուցեցինք ՀԱԵ Մասյացոտնի Թեմի Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի հետ:

-Օրհնեցեք  Տեր  Հայր: Ավետումը կոնկրետ մեզ, հավատացյալներիս համար, ի՞նչ հոգևոր խորհուրդ ունի:

- Աստված օրհնի: Անվերջ կարելի է խոսել Տիրամոր եւ Նրա առաքինությունների մասին։ Ամենակալ Աստված Մարիամ Աստվածածնի միջոցով մարդկությանը փրկության ճանապարհ տվեց։ Լինելով առաջին բարեխոսն Իր Միածնի մոտ՝ մեղավորներս  հաճախ ենք դիմում Նրան։ Սբ.Կույսն ավանդական եկեղեցիներում բոլոր  սրբերի գերագույնն է՝ կրկնակի պատճառներով։

 Նախ՝ առատապես ունի այն բոլոր հատկություններն ու առաքինությունները, որոնք անհրաժեշտ են սրբության համար, մասնավորաբար խոնարհությունը, ինչի մասին է վկայում  Նրա ողջ կյանքը։ Աստված  նայեց Իր աղախնի խոնարհությանը, երբ ավետեց նրան Փրկչին  Իր որովայնում կրելու եւ լույս աշխարհ բերելու բարի լուրը։ Տիրամայրը Աստծո կամքին  համակերպվող էր մինչև իսկ անկարելի թվացող հանգամանքներում։ Ավետման միջադեպն ավարտվում է Սուրբ Կույսի համբուրելի համակերպությամբ. «Ես Աստծո աղախինն եմ, Քո ասածի պես թող լինի»: Աստվածածինն օժտված էր նաև մեծ համբերությամբ, ինչը  հատկապես ակնհայտ նկատելի  էր  Գողգոթայում, ուր Միածնի հետ ցմրուր քամեց տառապանքի բաժակը։ Խոնարհությունը, համբերությունը և Աստծո կամքին հնազանդվելը  սրբության հիմնական  հատկություններն են։

Երկրորդ՝ Մարիամը մեր Փրկչի ամենամոտ անձն է եղել, թե՛ մարմնավոր իմաստով և թե՛ հոգևոր: Ոչ մեկը  չսիրեց Նրան այնքան շատ, որքան Սբ. Կույսը: Տիրամայրը եղավ Աստծո Որդու սնողն ու մանկության տարիների առաջնորդը։ Հետեւաբար տեղին է այն մեծագույն հարգանքն ու պատիվը, որ Քրիստոնյա եկեղեցին առաջին իսկ օրերից ընծայեց Սրբուհուն։ Մարիամ Աստվածածինը ներշնչումով մարգարեացավ եւ հետևյալ խոսքն արտաբերեց. «Երանի՜ են տալու Ինձ բոլոր ազգերը»։ Հայ Առաքելական  մայր եկեղեցին,  գնահատելով Աստվածածնի դերը, տոնացույցի մեջ յոթ տոն հատկացրեց Նրան։ Տիրամոր բարեխոսությանն ապավինելը կարևոր իրողություն է մեր կյանքում։ Նրա բարեխոսության միջոցով զանազան աստվածային շնորհներ ենք հայցում։ Մարիամ Աստվածածինն ամբողջությամբ արժանի է այն պատվին, որն ընծայվում է Նրան, հատկապես որ՝ մեր բոլոր եկեղեցիների Ս․Պատարագի սեղանները պսակված են Ս․Կույսի մայրական սրբապատկերով՝ աստվածային մանուկը գրկում։

-Կարո՞ղ եք  պատմել ուշագրավ դեպք՝  ի պատասխան Աստվածամորն ուղղված բարեխոսական աղոթքների:

-Բազմաթիվ են այն մարդկանց վկայությունները, որոնք խնդրել են Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը: Այնքան շատ են այդպիսի վկայությունները, որ ամբողջը թվարկելը անհնար է: Հիշատակության արժանի է մեր համայնքում մի  ընտանիքի վկայությունը. զույգը երկար տարիներ զավակ չի  ունեցել, բայց, ի փառս Աստծո, Աստվածամոր բարեխոսությամբ ունեցան  դուստր՝ անվանակոչելով  նրան Մարիամ՝ Սբ Տիրամոր պատվին։

-Ձեր մաղթանքը քրիստոնյա կանանց:

-Այսու իմ բարեմաղթանքն է մայրերին, քույրերին, առհասարակ, իգական սեռի ներկայացուցիչներին՝ կրեք Տիրամորը Ձեր հոգիներում, գունազարդվեք Աստվածածնի առաքինություններով, խնդրեք Նրա բարեխոսությունն  ի խաղաղություն Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի։ Օրհնված լինեք ամենքդ Սուրբ Հոգու շնորհներով, մնաք Տիրոջ խաղաղության մեջ և մեր Տեր Հիսուս Քրիստոս թող ամենքիդ հետ լինի հավիտյանս հավիտենից: Ամեն։

 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.