[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ

«Ու՞ր է, ով մահ, քու խայթոցդ, ու՞ր է, ով գերեզման, քու հաղթությունդ» (Ա. Կորնթ. 15։55)։

Այս տարի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է ապրիլի 17-ին։ Հարության կամ Զատկի տոնը համարվում է Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը, որին քրիստոնյաներն ամեն տարի պատրաստվում են դիմավորել քառասնութօրյա Մեծ Պահքի շրջանից հետո։  Ինչպես Հիսուս փորձվեց սատանայից և 40 օր անապատում ծոմապահությամբ և աղոթքով անցկացրեց, որ հետո Խաչի ճանապարհով փրկի մարդկությունը, այնպես էլ Եկեղեցին է սահմանել այդ ժամանակահատվածը, որ մարդիկ նախքան Հարության տոնն ապաշխարությամբ, պահեցողությամբ մաքրեն իրենց հոգիներն ու մարմինները և վերածնված շարունակեն իրենց կյանքը մինչև հարություն։ Ինչպես նշում է Պողոս առաքյալը Ա. Կորնթ. 15։19 տան մեջ` «Եթե միայն այս կյանքի համար ենք Քրիստոսին հուսացել, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք», ապա շարունակում՝ «Ճշմարիտ է, որ Քրիստոս հարություն է առել... ու ինչպես Ադամով ամենքը կմեռնեն, նույնպես էլ Քրիստոսով ամենքը կենդանի պիտի լինեն» (20-22)։ Ու այս Խորհուրդը մեծ է, քանզի Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքներով, խաչի մահվամբ ու երրորդ օրից հետո Հարությամբ մարդ արարածը հնարավորություն ստացավ կրկին վերածնվել և արժանանալ հավիտենական կյանքին։ Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, բաժանում մեղքերից և դարձ առ Արարիչ։ Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության հիմքն է, որովհետև «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոսը հարություն չի առել ու իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատքը» (Ա. Կորնթ. 15։13-14)։ Սակայն Աստված Խաչի վրա թափված արյամբ և իր Հարությամբ հաղթեց մահվանը. «Ու՞ր է, ով մահ, քու խայթոցդ, ու՞ր է, ով գերեզման, քու հաղթությունդ» (Ա. Կորնթ. 15։55)։

Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ Ավագ շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը և Ճրագալույցի (ճրագ լուցանել կամ վառել)  Սուրբ Պատարագով ազդարարվում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը համայն մարդկությանը։ Ընդհանրապես, մեր եկեղեցում տարվա կտրվածքով միայն երկու անգամ է Ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Հարության նախատոնակներին։ Այս տարի Հայ Առաքելական եկեղեցիներում  Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվեց ապրիլի 16-ին։

Արցախի թեմի  եկեղեցիներում հոծ բազմություն էր հավաքվել՝ կրկին ապաշխարելու, աղոթելու  և հաղորդվելու Աստվածային լույսին։ Այդ օրը մատուցված Սուրբ Պատարագի վերջում հավատացյալներին փոխանցվեց Արցախի թեմի առաջնորդի պատգամը Հարության տոնի կապակցությամբ։ «Մեր ժողովուրդն առաջիններից մեկը զգաց Հարության իրական լինելը և ընդառաջ գնաց դրան ազգովի ու իր հետագա պատմության ընթացքում ցույց տվեց, որ դարձել է Հարուցյալ ժողովուրդ։ Բայց, ցավոք, հաճախ հավատարիմ չեղավ Հարուցյալի վարդապետությանը և երբ բազում կորուստներ ու զրկանքներ կրեց, այնժամ միայն հիշեց, որ իր մեջ թաքնված մի արտասովոր ուժ կա, ու նորից դիմեց այդ ուժին, ոտքի կանգնեց ու փրկվեց վերջնական կործանումից։ Մենք երբեմն ազգովի ենթարկվում ենք փորձությունների ու ցավի, ոչ թե նրա համար, որ հավատացինք Քրիստոսին և դա մեզ թուլացրեց, այլ որովհետև ճանաչեցինք Ճշմարտությունը, բայց հավատարիմ չգտնվեցինք դրան... Այսօր մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհն անցնում է Խաչի ճանապարհով... Աստված մեզ չի թողնի, եթե մենք Նրան չթողնենք, և եթե անգամ թվա, թե ամեն ինչ կորցրել ենք, ապա պետք է հիշենք Հոբին, ով բացարձակապես կորցրեց ամեն ինչ, բացի Աստծո հանդեպ իր հավատարմությունից, ու երբեք չմեղադրեց Աստծուն իր կորուստների համար։ Արդյունքում ստացավ ավելին, քան ուներ նախկինում»,- իր պատգամում նշել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հարության տոնի Ճրագալույցի Պատարագից հետո հավատացյալները եկեղեցուց լուսավորված մոմեր տարան իրենց տները, որ խորհրդանշում է հավատքի լույսը և օրվա ավետիսը՝ Քրիստոս Հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Ապրիլի 17-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին, Սուրբ Հակոբ և Արցախի թեմի մյուս եկեղեցիներում մատուցվեց Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը նվիրված Սուրբ և անմահ Պատարագ։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Մինաս քահանա Մովսեսյանի ձեռամբ մատուցված տոնական Պատարագին ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ պատգամը մեր ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ  ՏՈՆԻ առթիվ։ Կաթողիկոսն իր խոսքում մտահոգություն հայտնեց հայրենյաց սրբազան մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակի վերաբերյալ, որտեղ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները։ «Սիրելի արցախցիներ, մենք քաջ գիտենք ձեր հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու հաստատակամությունը։ Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարությունների հանդիման և շենացնելու եք ձեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ` վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, ու պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը... ազգովի զորակից լինենք ծանր փորձությունների միջով անցնող Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, նեցուկ դառնանք կարիքի մեջ գտնվող մեր ազգակիցներին և գոտեպնդված հարության հույսով՝ նվիրական մեր երկիրը դարձնենք հրաշափառ հարության իրական վկայարան»,- ասված է կաթողիկոսի պատգամում։ Զատկական լուսապայծառ առավոտ Հայ եկեղեցիներում  աղոթք բարձրացվեց առ Աստված, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն Իր Հարության շնորհները հեղի մարդկության վրա և Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը,  մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղություն, բարօրություն ու ապահովություն։

Ավանդույթի համաձայն Զատկի տոնին ձուն ներկում են կարմիր գույնով, ինչը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Սուրբ Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու վերաբերյալ նշել է. «Միայն Զատկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը`ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:

Համազգային միասնության, տոկունության, Աստծուն և հայրենի պետականությանը հավատարիմ մնալու կոչով և Հարության հույսով բոլոր եկեղեցիներում կրկին ազդարարվեց․

Քրիստոս Հարեա՜վ  ի մեռելոց,

Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի,

Ձեզ և մեզ մեծ ավետիս 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ