ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՎ ՀԱՎԱՏՔՈՎ ՍՊԱՍԵԼ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ
Սոֆի Բաբայան
Այսօր՝ մայիսի 8-ին, Ստեփանակերտի Աստվածամոր մայր եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ՝ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի ձեռամբ:
Այսօր մեր եկեղեցու տոնացույցում Կարմիր Կիրակի է՝ սբ. Զատկի չորրորդ կիրակին:
«Կարմիր գույնը տարբեր իմաստներ ունի, բայց քրիստոնյաներիս համար այն, նախևառաջ, Հիսուս Քրիստոսի արյան գույնն է, որ հեղվեց հանուն մարդկության փրկության: Բայց հայերիս համար կարմիր գույնը մեր նահատակների ու մարտիրոսների արյան գույնն է նաև խորհրդանշում, որոնք, Տիրոջ պատվիրանին հնազանդվելով, ուրանալով իրենց անձը, վերցրել են իրենց խաչն ու զոհաբերվել վասն հավատքի և վասն հայրենիքի», - իր պատգամի մեջ ասաց Հայր սուրբը: Նա իր խոսքի վերջում, Եռատոնի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, կարևորեց մեր ազգի համախմբվածությունն ու հավատքով լցվելու անհրաժեշտությունը, որ սբ. Հարության խորհրդով կրկին հարություն առնենք՝ ունենալով նորանոր հաղթանակներ:
Սուրբ Պատարագին մասնակցեցին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք և բարձրաստիճան զինվորականներ՝ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի գլխավորությամբ:
Հավարտ Պատարագի, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարվեց Հանրապետական մաղթանք: