[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՈՒ ՀԱՐՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ

Սոֆի Բաբայան

 «Ազատ Արցախ» թերթի ընթերցողները մեր հոգևոր անվտանգության վերաբերյալ նոր նախագծի շրջանակում սկսել են ուղարկել  իրենց հուզող հարցերը, որոնց կպատասխանեն  ՀԱԵ օծյալ հոգևորականները: Մեր ընթերցողների այսօրվա հարցերին պատասխանում է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը:

Տեղեկանք. «Աւազանի անունով Սարգիս Մելքոնեան, ծնեալ Սուրիա Գամիշլի 20 մարտ 1971-ին:Նախնական կրթութիւն ստացած եմ Գամիշլիի Ազգ. Եփրատ վարժարանէն ներս, ապա Մեծի տանն Կիլիքիոյ կաթողիկոսութեան Պիքֆայայի Զարէհեան դպրևանք: 09.09.1990 Քահանայական ձեռնադրութիւն սստացայ Բերիոյ թեմի առաջնորդ Սուրէն Արք. Գաթարոյանի ձեռամբ, ու նշանակուեցայ որպէս վանահայր Տէր-Զօրի ապրիլեան նահատակաց յուշահամալիրին, ու անկէ ետք եղած եմ հոգևոր հովիւ Լիբանանի Նոր-Հաճնի Ս. Գէորգ եկեղեցւոյ ու Նոր-Սիսի Ս. Սարգիս եկեղեցւոյ Պուրճ համուտ մինչև սեպտեմբեր 1996: Այդ ժամանակաշրջանին խմբագիր եղած եմ «ՄԱՇՏՈՑ» կրօնաբարոյական ամսաթերթին ու անոր կողքին կազմակերպած եմ կրօնաբարոյական դասախօսութիւններ, ու յառաջացուցած «ՄԵՂՐԻ» պատանեկան երգչախումբը: Գերմանիոյ Հոլանտայի թեմերէն ներս ծառայած եմ որպէս այցելու հոգևոր հովիւ մինչև 2018թ: 2018 Մարտի 22 նշանակուած որպէս  հոգևոր հովիւ յարաւային շրջաններուն (Zuid Holand և Noord brabant): 2019-ին նշանակուած հոգևոր հովիւ Limburg – Genk և Mechelen  շրջաններուն։ Կապրիմ Պելճիքա Անդուերբեն քաղաքը, ունիմ 3 մանչև մէկ դուստր»:

Հարց: Ինձ շատ է հետաքրքրում, կարելի է, արդյո՞ք, արյան փոխներարկում կատարել, հատկապես, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդները փորձում են Աստվածաշնչով մեզ համոզել, որ դա անընդունելի է:

- Արյան փոխներարկման համար մեր օրերում աշխատում են առաջատար հիվանդանոցներ և ինստիտուտներ։ Արյան փոխներարկումը բուժման մեթոդ է, երբ հիվանդի արյունատար համակարգ  է  ներարկվում առողջ մարդուց՝ դոնորից վերցված ամբողջական արյուն կամ դրա բաղադրամասերը։ Իսկ բժշկությունը գիտություն է, որին դեմ չէ Աստվածաշունչը։ Հին ուխտի մեջ պատվեր է եղել չուտել զոհաբերված կենդանու արյունը։ Իսկ եթե մարդու առողջությանը անհրաժեշտություն կա արյան փոխներարկման, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում: Պատկերացրեք, որ ենթական վթարի է ենթարկվել և նրա կյանքին վտանգ է սպառնում։ Արյուն ներարկելուց փրկում են մարդու կյանքը, իսկ մարդը առողջանալուց հետո հնարավորություն է ունենում ապաշխարել և զղջալ իր մեղքերը՝ ազատվելով հավիտենական տանջանքից։ Հետևաբար ոչ մի վտանգավոր երևույթ չկա արյան փոխներարկման մեջ, հատկապես այն մարդու համար, ով ճանաչում է Աստծուն և գիտի Աստծո ակնկալիքը իրենից։ Աստված թող առողջ պահի բոլորին, սակայն կարիքի դեպքում բժշկական գիտությունը նույնպես Աստծուց է։

ՀարցԹե՛ տխրության, թե՛ ուրախության ժամանակ սովորություն ունենք կենացներ ասելու, կարելի՞ է դա անել, որքանո՞վ է երևույթը հաճելի կամ տճահ ԱՍՏԾՈՒՆ։

-Ուրախությունն էլ, տխրությունն էլ մարդկանց համար է, և անխուսափելի է թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Սրանք բնական երևույթներ են, որոնք պատահում են մարդկանց կյանքի տարբեր ժամանակահատվածներում։ Սակայն անբնական են այն կենացները, որոնց ժամանակ միմյանց մաղթում են անհավանական մաղթանքներ, ինչպես օրինակ ուրախությունների ժամանակ նորապսակներին, կամ հոբելյարներին մաղթում են «մեծ սեր», «լիքը երջանկություն», «երկար տարիների կյանք»  և այլն։ Այս ցանկությունները որևէ մեկը չի կարող ապահովել մեկ այլ մարդու համար, հետևաբար անիմաստ է մաղթել մի բան, որն անկարելի է տալ։ Սերը չեն մաղթում, սերը ձեռք են բերում ջանքերի շնորհիվ, քանի որ սերը բոլոր առաքինությունների գլուխն է, ավելին՝ Աստծու անուններից մեկն էլ Սեր է։ Իսկ կյանքի տարիները Աստված է նախախնամում, ո՛չ թե մարդու ցանկությամբ է լինում։ Այլ բան է, եթե մեկը մյուսին կենացների ժամանակ մաղթի ճշմարիտ ապաշխարությամբ կյանք՝ Տիրոջ ներկայության մեջ։ Սա հասկանալի կենաց կլինի։ Նույնը տխրությունների ժամանակ է, բոլորդ էլ լսում եք, թե ինչ կենացներ են խմում և հատկապես ինչ մաղթանքներ են հղում։ Մինչդեռ յուրաքանչյուր ննջեցյալ պետք է իր մահով բացի ողջ մնացածների աչքերը, տեսնելու համար, որ մարդը ձեռնունայն է գնում այս աշխարհից և ոչինչ չի տանում իր հետ, բացի պատվավոր անունից։ Հիմնականում տխրությունների ժամանակ միմյանց մաղթում են, որ դա վերջին տխրությունը լինի։ Սա նույնպես Աստծո նախախնամության գործն է, ոչ թե մարդու։

Ոչ թե կենացները Աստծո առջև կարող են հաճելի կամ տհաճ թվալ, այլ կա մեկ պարզ ճշմարտություն․ մարդու կյանքը Աստծո աչքի առջև է՝ ուրախության, թե տխրության պահին։ Մարդը պետք է ապրի մեղքից հեռու և Աստծուն մոտ։ Սա է հաճելի Աստծուն։ Աստված կամենա, որ բոլոր առիթների ժամանակ միմյանց մաղթանքներ կատարեն միայն Աստվածաշնչից, ինչը իրական է, հաստատ, օգտակար  և կդառնա գեղեցիկ սովորություն։ Այս մշակույթը պետք է մտնի մեր իրականություն՝ վաղ  թե ուշ։