Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՆՉՈ՞Ւ ՀՈՒՆՎԱՐԻ 6, ՈՉ ԹԵ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25

 

«Ազատ Արցախ» թերթի ընթերցողներից ոմանք, հարցադրում են արել. ինչու՞ ենք մենք Քրիստոսի ծնունդը նշում հունվարի 6-ին, աշխարհի մեծ մասն այն տոնում է դեկտեմբերի 25-ին: Ինչո՞ւ ենք մենք առանձնանում, չէ՞ որ դեկտեմբերի 25-ին նշելով նախ կինտեգրվեինք աշխարհին, նոր տարին էլ կսկսենք Հիսուս Քրիստոսի ծննդով:

Քրիստոսի ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա Ավետարաններում: Մինչև 4-րդ դար բոլոր քրիստոնյաներն այս տոնը նշում էին հունվարի 6-ին: 5-րդ դարից սկսած արևմտյան եկեղեցիներն (336 թ.) այն տեղափոխեցին դեկտեմբերի 25-ը, փորձելով ազատվել արևի ծննդյան (ձմեռային արևադարձի) հեթանոսական տոնից՝ այն փոխարինելով Աստվածհայտնության՝ «իսկական Արեգակի», «Իմանալի լույսի» տոնով:

Սբ. Ներսես Շնորհալու Աղեքսին գրած թղթում կարդում ենք, որ տոները մեկ օրում չնշելու պատճառներից էր նաև Բեթղեհեմի և Հորդանանի հեռավորության պարագան. երկու տոները մեկ օրում հնարավոր չէր նշել: Հույները ներկայացնում են, թե, երբ պապանձվել է Զաքարիա քահանան, այդ օրն է հղիացել է նրա կին Եղիսաբեթը, և, հաշվումները սկսելով այդ օրվանից, Քրիստոսի Ծննդյան օրը ստանում են դեկտեմբերի 25-ը: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան օրը տեղափոխվեց դեկտեմբերի 25-ը, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հայ Եկեղեցին էր միայն, որ հավատարիմ մնաց Սբ. Ծնունդը եւ Մկրտությունը հունվարի 6-ին տոնելու հնամենի ավանդույթին` հաստատված Հայ Եկեղեցու աստվածաբանների տոմարական հաշվարկներով ու աստվածաբանական հիմնավորումներով: Վերջինիս հիմքում ևս ավետարանական հայտնի պատմությունն է Զաքարիայի պապանձման եւ Եղիսաբեթի հղիության մասին:

7-րդ դարում Անանիա Շիրակացին իր տոմարական-տոնացուցային ժողովածուի հատվածներից մեկը նվիրել է Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնին: Նա պաշտպանում և հաստատում է Հայոց եկեղեցու` Քրիստոսի Ծննդյան ու Հայտնության տոնը միասնաբար հունվարի 6-ին կատարելու տեսակետը: Համաձայն Շիրակացու հիմնավորման` Զաքարիայի պապանձումը եղել է սեպտեմբերի 27-ին. նա տուն է գնացել 12 օր հետո: Ըստ հրեական օրենքի` քահանայապետը տարեկան մեկ անգամ էր մտնում Սրբություն Սրբոցը: Այդ տարվա քահանայապետը Զաքարիան էր: Տաղավարահարաց տոնն առջևում էր, և ողջ Իսրայելն այնտեղ էր հավաքված, որպեսզի յոթ օր շարունակ կատարեր մեծ տոնի կարգը: Ղուկաս Ավետարանիչը նշում է. «Երբ լրացան նրա պաշտամունքի օրերը, գնաց տուն» (Ղուկ.1:23): Այսինքն` սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Զաքարիայի պապանձումը, իսկ հոկտեմբերի 9-ին` Եղիսաբեթի հղիությունը: Վեց ամիսը հաշվելով 180 օր, հասնում է Նիսան 16-ին, որը համապատասխանում է հռոմեական ապրիլի 6-ին, երբ եղել է սուրբ կույսի ավետումը: Հաշվելով անդրանկածնության իննամսյա ժամանակը` Շիրակացին հաստատում է հունվարի 6-ի ամսաթիվը:

Իր հերթին, Ներսես Շնորհալին «Նամականի»-ում գրում է. «Ըստ ամսաթվի՝ նույն օրն էլ, որում ծնվեց, երեսուն տարի հետո՝ հունվարի վեցին, տեղի ունեցավ Նրա մկրտությունը Հորդանանում։ Եվ սա անսխալ է, որովհետև եթե [Քրիստոսը] երեսնամյա էր և ոչ ավելի ու ոչ պակաս, ապա հարկ է, որ Ծննդյան օրը լինի նաև Մկրտության օրը, եթե պիտի երեսուն տարին մնա առանց պակասի և ավելցուկի։ Իսկ եթե նախ Ծնունդն է, և տասներկու օր հետո՝ Մկրտությունը, [ավետարանիչը] չէր ասի. «Հիսուսը [սկսելով] ՝ շուրջ երեսուն տարեկան էր» (Ղուկ. 3:23), այլ՝ «Հիսուսը սկսելով՝ շուրջ երեսունմեկ տարեկան էր», ինչպես կարելի է տեսնել նաև օրերի անվանումներում: Հայ Եկեղեցու փաստարկներից մեկն էլ այն է, որ Քրիստոսի Ծնունդը Մկրտությունից 12 օր առաջ տոնելը կարգված չէ ո՛չ առաքյալների, ո՛չ էլ նրանց հաջորդների կողմից: Առաքյալները կարգել էին մեկ տոն` Հայտնության և Սուրբ Ծննդյան, և ոչ թե երկու տարբեր տոներ: Շիրակացին մեջբերում է Առաքելական Զ կանոնը. «Քանի որ կանոնների 6-րդ գլխում այսպես է գրված. Առաքյալները կարգեցին և սահմանեցին, որ մեր Տիրոջ ու Փրկչի Ծննդյան ու Հայտնության տոնը հանդիսանա եկեղեցական տոների գլխավորը և առաջնեկը` տիբեթ ամսվա 21-ին, որ համապատասխանում է հռոմեական հունվար ամսի 6-ին»: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է` «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ.3:17, հմմտ. Մարկ. 1:11, Ղուկ. 3:22): Ս. Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա, այդպիսով տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Ահա Քրիստոսի թե՛ Ծննդյան, թե՛ Մկրտության միջոցով հաստատված Աստվածահայտնությունն էլ պատճառ է դարձել, որ այդ երկու հիշատակները եկեղեցում տոնվեն միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվան տակ: Երկու հազար և ավել տարիներ ողջ աշխարհին ավետվում է Քրիստոսի հրաշափառ Ծնունդը:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավանդապահորեն չփոխեց առաքելական ժամանակներից սահմանված կանոնն ու առ այսօր պահպանել է հնավանդ սովորությունը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Մկրտության տոնը կատարելով հունվարի 6-ին: Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:

Երկու հազար և ավել տարիներ ողջ աշխարհին ավետվում է Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Դարեդար հնչելով՝ չի լռում այս օրհներգությունը. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ…