ՀԱՂԹՈՂԸ ՀԱՅԻ ՈԳԻՆ ԷՐ...
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Արցախը ներկայացնող բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ տարբեր մրցումներում աննախադեպ հաջողություններ են արձանագրում՝ բարձր պահելով երկրի պատիվը. նրանց հաղթանակների շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում բարձրացվում է մեր Եռագույնը:
Նոյեմբերի 2-ին Գերմանիայի Զինդելֆինգեր քաղաքում տեղի ունեցած Ֆուդոկան կարատեի աշխարհի 8-րդ առաջնությունում կատա մրցաձևում Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի և Արցախի կարատե-դո ֆեդերացիայի մարզիկ, սև գոտի 2-րդ դան Միքայել Մխիթարյանը երեք դժվարին մենամարտից հետո հայտնվելով եզրափակչում, գերազանցել է գերմանացի մրցակցին ու տիրացել ոսկե մեդալին: ՙՍա առաջին ոսկին է աշխարհի առաջնությունից, իմ դժվարությամբ ձեռքբերված հաղթանակը: Այն պայքար էր, որտեղ հաղթողը հայի ոգին էր: Բացի ուժեղ մրցակցից ճնշող էին գերմանացի երկրպագուները: Չէ՞ որ առաջնությունը տեղի էր ունենում Գերմանիայում, իսկ մրցակիցս էլ եզրափակչում գերմանացին էր՚,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Միքայելը:
Միջազգային մրցաշարում պատանի չեմպիոնը ներկայացրել է Հայաստանը և իր հաղթանակով ծածանել նաև Արցախի դրոշը: Նշենք նաև, որ նա 2018 թվականին մասնակցել է Սլովենիայի Պորտորոզ քաղաքում տեղի ունեցած ավանդական ֆուդոկան կարատեի Եվրոպայի առաջնությանն ու արժանացել չեմպիոնի կոչմանը: Մինչ այդ Միքայելը Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր էր, Հայաստանի օլիմպիական խաղերի սպորտային կարատեի եռակի չեմպիոն:
Ընդամենը 4 տարեկան էր Միքայելը, երբ նրան հետաքրքրեց մարզաձևը: Փոքրիկ տղան սիրեց այն և 16 տարի շարունակ, ջանք ու եռանդ չխնայելով, անդադար պարապմունքների արդյունքում դարձավ նաև աշխարհի չեմպիոն: Սերը սպորտի հանդեպ Միքայելին փոխանցվել է գեներով: Հայրը, հորեղբայրը նույնպես կարատեի վարպետներ են: Հայրը՝ Աշոտ Մխիթարյանը, Միքայելի հիմնական մարզիչն Է, իսկ հորեղբայրը՝ Լեռնիկ Ղալայանը, Միքայելին ոգեշնչողը: Իր հաջողությունների գաղտնիքը Միքայելը երկարատև, քրտնաջան աշխատանքի, հետևողական մարզումների ու կարատեի հանդեպ ունեցած սերն է համարում՝ ավելացնելով, որ իր ամենանշանակալի ձեռքբերումը աշխատասիրությունն է: Չնայած չեմպիոնի կոչմանը, իմ զրուցակիցը շատ համեստ է ու զուսպ: Իր հաղթանակը նա համարում է ոչ միայն իրենը, այլև հայրենիքինը, ծնողներինը, մարզիչներինը, բոլոր նրանց հաղթանակը, ովքեր մշտապես աջակցել են իրեն: Միքայելը երախտապարտ է հատկապես լեգենդար մարզչին՝ ՀՀ ֆուդոկան կարատե-դո ազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան Կարեն Ավետիսյանին, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին,ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, ՙԱպագա սերունդների հիմնադրամի՚ տնօրեն Գրիգորի Գաբրիելյանցին, ում հովանավորությամբ էլ մեր մարզիկը մասնակցել է աշխարհի առաջնությանը: Միքայելը նաև ասաց, որ իր հաղթանակը նվիրել է տատիկին՝ հոգեբան-պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանին, ով առաջնությունից օրեր անց տոնեց ծննդյան տարեդարձը:
Միքայելը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կարատեի բաժնի 3-րդ կուրսի գերազանց ուսանող է: Տղան միշտ էլ աչքի էր ընկել իր նրբազգացությամբ, պլաստիկությամբ ու ճկունությամբ: Դա չվրիպեց մարզիչների ուշադրությունից, ովքեր ? պատրաստակամություն հայտնեցին պարապել Միքայելի հետ: Նա սեմինար- պարապմունքներ է ունեցել Իտալիայում: Նրա կապը համաշխարհային մարզիչների հետ շարունակական է: Եվ քանի որ կարատեն համարվում է ճապոնական մարզաձև, աշխարհի առաջնությունից հետո նրա մարզիչների մոտ ծնվել է այն գաղափարը, որ տղային պետք է անպատճառ ուղարկել Ճապոնիա: Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպվեց գիտաժողով, որին հրավիրված էր նաև Ճապոնիայի դեսպանը: Վերջինս պատրաստակամություն հայտնեց աջակցելու մեր մարզիկին: 10 տարեկան էր, երբ Երևան էր ժամանել մի ռեժիսոր և Բրյուս Լիին նվիրված ֆիլմ էր ուզում նկարահանել: Քաստինգների ընթացքում դերասանի մանկությունը վերարտադրող հերոս ընտրվեց մեր փոքրիկ մարզիկը:
Իսկ թե ինչ զգացողություններ ունի պատանի չեմպիոնը՝ պատասխանում է. ՙԴրանք աննկարագրելի են, անբացատրելի: Ուրախ եմ, որ ստացա երկարատև ու քրտնաջան աշխատանքիս արդյունքը՚: Իսկ ամենավերջում հավելում՝ հաղթողի տիտղոսին հասնելուց առավել դժվարը այդ կոչմանը հավատարիմ մնալն է:
;