ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ԿԱՆՉՈՎ
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի
Իմ զրուցակիցը Ֆրանսիայի մարզական ֆեդերացիայի լիցենզավորված մարզիչ-մանկավարժ, Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցի առաջատար մասնագետ, տարբեր մրցաշարերում մրցանակների արժանացած Տիգրան Բաղիրյանն է։
Նա ծնվել է 1971թ. նոյեմբերի 1-ին, Երևանում։ Հայրը՝ Ռոմիկ Բաղիրյանը, ծնվել ու մեծացել է Ճարտարում, մայրը՝ Զոյա Աֆյանը՝ Շամխորի շրջանի Ջագիր գյուղում։
Տ. Բաղիրյանը սովորել և 1989թ. ավարտել է Երևանի Մայակովսկու անվան հ.7 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Խարկովի բարձրագույն ռազմական ռադիոէլեկտրոնիկայի ուսումնարանը (XBBAY-pe)։ Նախկին սովետական կարգերի փոփոխությամբ պայմանավորված, երբ նրանց պարտադրում էին երդում տալ Ուկրաինային, Տ.Բաղիրյանը, սեփական դիմումի համաձայն, հեռանում է ուսումնարանից։
1990թ. Տ.Բաղիրյանն ընդունվել է Երևանի ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտ։ 1992թ. ամուսնացել և տեղափոխվել է արտերկիր։ Ունի երեք երեխա, ովքեր ապրում և կրթություն են ստանում Ֆրանսիայում։
1994-1999թթ. աշխատել է Երևանի դպրոցներից մեկում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ և Րաֆֆու անվան մարզադպրոցում՝ ֆուտբոլի մարզիչ։
2000թ.-ին տեղափոխվել է Ֆրանսիա։ 2001-2006թթ. մասնակցել է բազմաթիվ շախմատային մրցաշարերի, նաև սեղանի թենիսի մարզչություն է արել։ Աշխատել և զուգահեռ ավարտել է մարզական ուսումը։
2006-2018թթ. աշխատել է Նիցա քաղաքի քաղաքապետարանի մանկապատանեկան սպորտի բաժնում և Նիցա Գազելեկ ակումբում՝ որպես մարզիչ-մանկավարժ։ Երբեք կապը չի կտրել իր արմատներից, իսկ 2018թ. հայրենի հողի ու արյան կանչով եկավ Ճարտար և ապրում է իր պապենական տանը։
-Չնայած ծնվել-մեծացել եմ Երևանում, բայց կապը Արցախ աշխարհի ու այստեղ ապրող հարազատներիս հետ միշտ պահպանել եմ, հիմա էլ վերադարձա սրտի կանչով ու փորձում եմ հնարավորինս օգտակար լինել հայրենակիցներիս։ Հայրենիք վերադառնալու գաղափարն իմ մոտ շատ վաղուց է ծնվել: Իմ մեծագույն նպատակն է եղել այն, որ մեր երեխաները տեսնեն հայրենիքը, վերադառնան, ապրեն այստեղ ու շենացնեն մեր հողը,- զրույցի ժամանակ նշում է Տ.Բաղիրյանը։
Զրուցակիցս Ճարտարում հաստատվեց այն ժամանակ, երբ այնտեղ պիտի շահագործման հանձնվեր ֆուտբոլի փոքր մարզադաշտը, ուստի որոշեց գործունեությունն սկսել այս ուղղությամբ։ Եվ 2019թ. հունվար ամսից առայսօր, բարեգործական հիմունքներով, իր հետ բերած գույքով և Ճարտարի քաղաքապետարանի աջակցությամբ, հավաքել և մարզում է Ճարտարի մի խումբ դպրոցականների, նրանց մասնակցությամբ կազմակերպում հուշամրցաշարեր։
-Դժվար է, երբ տարիներ անց վերադառնում ես հայրենի երկրամաս ու ապրում այնտեղ,- խոստովանում է նա և նշում, որ դեկտեմբերի 27-ին լրացավ բարեգործական իր գործունեության մեկ տարին։
Նախ կազմեց ծրագիր և սկսեց առաջնորդվել դրանով՝ հիմքում դնելով ֆուտբոլի, շախմատի, սեղանի թենիսի զարգացումը։
Գործունեությունն սկսեց շախմատից, որովհետև ամեն տարի Պերճ Գասպարյանի հիշատակին նվիրված՝ Ճարտարում կազմակերպվում է հուշամրցաշար։ Այս տարի շախմատիստների առաջարկությամբ հուշամրցաշարը կազմակերպեց և անցկացրեց Տիգրան Բաղիրյանը։
Այնուհետև հավաքեց ֆուտբոլի թիմ, որտեղ ընդգրկվեցին 10-17 տարեկան ավելի քան 60 պատանիներ։ Կազմեց 3 թիմ՝ 10-12 տարեկան, 13-15 տարեկան և բարձր տարիքի պատանիների ընդգրկմամբ։ Պարապմունքները կրտսեր տարիքի մարզիկների հետ անց է կացնում Ճարտարի փոքր ֆուտբոլի դաշտում, ավագների հետ՝ մարզադաշտում։
Դպրոցականների շախմատի զարգացումը Տ.Բաղիրյանը կարևորում է ամենից առաջ նրանով, որ զարգացնում է աշակերտի տրամաբանությունն ու հիշողությունը։
Մեծ հաջողությունների մասին խոսելը դեռ վաղ համարեց, քանի որ դրանք երևում են մի քանի տարի անց։ Ամեն օր պարապում է իր մարզիկների հետ և ուրախանում, ոգևորվում, որ նրանք ֆուտբոլը, շախմատը, սեղանի թենիսը դարձրել են կենսակերպ։ Փոքր հաջողություններ արձանագրվում են՝ վերջինը Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված շրջանային հուշամրացաշարում էր, երբ ճարտարի ֆուտբոլի թիմը գրավեց երկրորդ մրցանակային տեղը, ինչն ընդամենն երկու շաբաթվա պարապմունքի արդյունք էր։ ՙԻնձ համար կարևորը մարզիկների ոգևորությունն է, ինչն էլ առաջնորդում է նրանց՚,- ասում է մարզիչը։
Համայնքում ֆուտբոլի հիմքը դնելուց հետո հաջորդ քայլը շախմատի զարգացման ուղղությամբ էր։ Տ.Բաղիրյանը հետաքրքիր ու տրամաբանական համեմատական անցկացրեց ֆուտբոլի և շախմատի միջև։ Երկու մարզաձևերի միջև եղած սերտ կապը համեմատեց մտերիմ ընկերների հետ։
Տ.Բաղիրյանն ունի նաև շախմատի թիմ, հիմա աշխատում է սեղանի թենիսի համար թիմ հավաքելու ուղղությամբ։ Մնում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել սեղանի թենիս մարզաձևի պարապմունքների համար։
Զրուցակիցս պատահական չի ընտրել իր մասնագիտությունը։ Սերը սպորտի հանդեպ գենետիկորեն է փոխանցվել նրան։ Մայրը՝ Զոյա Աֆյանը և մորաքույրը՝ Զարուհի Աֆյանը ժամանակին լավագույն շախմատիստներ էին, չեմպիոններ։ Ասում է՝ սպորտն այնպիսի երևույթ է, որ, ինչպես տունը, եթե հիմքը ճիշտ չդրվեց, ժամանակի ընթացքում կզգաս նրա խախուտ լինելը:
Մեր զրույցի վերջում Տ.Բաղիրյանը, օգտվելով առիթից, շնորհավորեց Արցախի ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկացավ, որ Արցախի երկնակամարում միշտ կապույտ երկինք լինի, մեծահասակներին մաղթեց առողջություն, ջահելներին՝ համբերություն, կամք և կողմնորոշում, երեխաներին էլ՝ եռանդ ու աշխատասիրություն։
Նա հույս հայտնեց, որ 2020թ.-ին ավելի կմեծանա սպորտով զբաղվելու ցանկություն ունեցող երեխաների թիվը, սպորտը կոգևորի և կընդգրկի նաև մեծահասակների։ Բարեմաղթեց, որ հայրենիք վերադառնան շատ ու շատ հայրենակիցներ, ովքեր իրենց մեծ ու փոքր լուման կներդնեն հայրենի հողի շենացման ու բարգավաճման գործում։
;