[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտի բացօթյա մարզադահլիճն ու առողջ ապրելակերպի հասցեն

Վան Նովիկով

Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտը համավարակային արտակարգ իրավիճակի այս օրերին,  հատկապես  երեկոյան ժամերին, մարզական կյանքի շարունակման յուրօրինակ հավաքատեղի է դարձել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, ովքեր մարզադահլիճների փակվելուց հետո այստեղ բացօթյա պայմաններում են կազմակերպում իրենց պարապմունքերը: Հատկանշական է, որ Հանրապետական մարզադաշտում  կարելի է հանդիպել ոչ միայն տարբեր սերունդներ ներկայացնող մարզիկների, այլ նաև համաքաղաքացիների, ովքեր ժամանակ են գտնում առողջ ապրելակերպը նույնպես դարձնելու օրվա ժամանակացույցի պարտադիր հատված: Արցախցի պատանի բռնցքամարտիկները,  համավարակի վտանգով պայմանավորված, պարբերաբար    բացօթյա պարապմունքեր էին անցկացնում: Ներկայումս  այդ ձևաչափը, մարզչի օգնությամբ , մարզական վիճակը պահպանելու գրեթե միակ հնարավորությունն է: Այս տեսանկյունից Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Թորոսյանը կարևորում է մարզական պարապմունքերի շարունակականությունը: Նրա հաղորդմամբ, ավելի քան 2 ամիս է, ինչ մարզադաշտում անցկացնում են բացօթյա պարապմունքեր՝շաբաթական 6 օր պարբերականությամբ: «Բոլոր բռնցքամարտիկները նախևառաջ նպատակադրումներով են գալիս մարզվելու: Մի մասը կարևորում է  առողջ ապրելակերպն ու  ձեռնամարտի հնարքներին տիրապետելը, մյուսներն՝ ընդհուպ  օլիմպական բարձունքեր նվաճելը:  Մարզումների շարունակականությունը հնարավորություն է ընձեռում չկորցնել արդեն ունեցած մարզավիճակը: Պարապմունքերը չշարունակելու պարագայում, համաճարակի ավարտից հետո, անպատրաստ կլինենք մասնակցելու մրցումների»,- պարազբանեց մարզիչը՝ հավելելով, որ խմբեր ունեն հանրապետության գրեթե բոլոր շրջաններում, այդուհանդերձ Հանրապետական մարզադաշտի պարապմունքերին մասնակցում են միայն մայրաքաղաքում մարզվողները, ընդ որում՝ ոչ բոլորը: Բացօթյա պարապմունքերին  նաև Շուշիի պատանի բռնցքամարտիկներն են ընդգրկված: Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում հանդիպած հաջորդ մարզաձևի ներկայացուցիչները «Ավանդական կարատե դո»-ի մանուկ և պատանի ներկայացուցիչներն էին, մարզչի` Եվրոպայի գործող չեմպիոն  Տիգրան Գևորգյանի  գլխավորությամբ: Ուժային այս մարզաձևն Արցախում գործում է արդեն 25 տարի: Կորոնավիրուսի վտանգին հաջորդած երկամսյա ընդմիջումից հետո,  ծնողների առաջարկով,  «Ավանդական կարատե դո»-ն վերսկսեց իր պարապմունքերը՝ հունիսի 1-ից դրանք կազմակերպելով բացօթյա ձևաչափով: Մարզիչ Տ. Գևորգյանը մարզումները վերսկսելը  կարևորեց  առողջ ապրելակերպի միջոցով մարզվող  երեխաներին  դրական երանգներ հաղորդելու տեսանկյունից, ինչն, ըստ նրա, միաժամանակ  կարող է մասամբ ձերբազատել հավանական   բացասական  հոգեվիճակներից, որոնք  հնարավոր են  հահամաճարակի  վերաբերյալ  տեղեկատվական շարունակական հոսքի հետևանքով:

Մարզադաշտում են  պարապմունքերը շարունակում նաև ժամանակակից պարերի` «Ֆուեգո»  ստուդիայի սաները: Ինչպես տեղեկացրեց ստուդիայի տնօրեն, պարուսույց Լարրի Ավանեսյանը,  բացօթյա պարապմունքերի ընթացքում պարային ստուդիան,   նույնիսկ,  նոր դիմորդներ  է ընդունել: «Ավելի քան կես ամիս է, ինչ երեկոյան ժամերին մեր պարապմունքերն ու դասերը  բացօթյա ենք կազմակերպում: Քանի որ  փակ տարածքներում   արգելված է 20 հոգուց ավելի անձանց մեկտեղումը, որոշեցինք պարապմունքերը կազմակերպել բացօթյա,  որպեսզի կարողանանք պահպանել պարային ստուդիայի մեր սաների  արդեն իսկ յուրացրածը, ինչպես նաև մեր բեմադրական դասերն առաջ տանել:  Բացօթյա պարապմունքերի ընթացքում, տեսնելով մեր պարային փորձերը,  սովորելու ցանկություն   հայտնողների թիվն աճում է: Կարելի է ասե՝լ ստուդիայի ընդունելությունն առայժմ նույնպես բացօթյա ենք կազմակերպում»,- մանրամասնեց Լ. Ավանեսյանը: Առաջին հայացքից տպավորություն է, որ վերջին ժամանակներում արհեստավարժ մարզվողներից ու մարզիկներից բացի, Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում երեկոյան  վազքի կամ արագ քայլելու միջոցով առողջությունը բարելավելու ու  ամրապնդելու հնարավորությունից օգտվող մեր հայրենակիցների թիվը  նկատելիորեն աճել է: