[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԻ ՌԵԿՈՐԴ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Գայանե Գևորգյան

 Արցախի հանրապետության հռչակման կարևորագույն այս օրը նշանավորվեց աշխարհի ռեկորդակիրներ` Յուրի և Արթուր Սաքունցների` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում ռեկորդի սահմանմամբ:

Այս անգամ Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշեց ավելի քան 4 տ քաշ ունեցող ավտոմեքենան: Իսկ Արթուր Սաքունցը սահմանեց 12 տ քաշ ունեցող ավտոբուսի` քայլելով տեղից շարժելու ռեկորդը: Յուրի Սաքունցը աշխարհի միակ հայ քառակի ռեկորդակիր է, Գինեսի կրկնակի ռեկորդակիր, իսկ նրա եղբայրը` 17-ամյա Արթուր Սաքունցը, իր տարիքային խմբում աշխարհի միակ հայ ռեկորդակիրը: Արցախի համար սա աննախադեպ իրադարձություն է: Պահն իսկապես հուզիչ էր. ներկաներին համակել էր կասկածը, թե արդյո՞ք եղբայրներին կհաջողվի ռեկորդ սահմանել, քանի որ Յ. Սաքունցի առաջին փորձը չհաջողվեց, բայց երկրորդ անգամ, հաղթահարելով հուզմունքը, և ներկաների բուռն ոգեշնչումից քաջալերվելով, նա սահմանեց իր հերթական ռեկորդը: Ռեկորդակիրը խոստովանեց. «Ճիշտ է, առաջին փորձս չստացվեց, երևի հուզմունքս խանգարեց, բայց երկրորդ անգամ հաջողեցի: Այս ռեկորդով նաև ես շրջանցել եմ ադրբեջանցի 1.5 տ ռեկորդ սահմանած ռեկորդակրին: Իսկ իմ ռեկորդը 4 տ է` մի քանի անգամ ավելի: Շնորհավորում եմ Արցախի հանրապետության հռչակման օրը: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը: Ես գտնում եմ, որ սրանով իմ փոքրիկ ներդրումն ունեցա Արցախի ճանաչման հարցում»: Իսկ 17-ամյա Արթուր Սաքունցը նշում է. «2 տարի է արդեն զբաղվում եմ ռեկորդներով: ՀՀ Սամբոյի արծաթե մեդալակիր եմ, աշխարհի բրոնզե մեդալակիր, սպորտի վարպետ: 2 անգամ աշխարհի ռեկորդակիր եմ` 2 մատով քաշել եմ 61-տոննանոց գնացքը, ձեռքերի վրա հենված քաշել եմ 2-տոննանոց ավտոմեքենան, 1 ձեռքով` 122 տ քաշ ունեցող գնացքը: Այս ավտոբուսն էլ 12 տ է, որը քաշեցի ատամներով: Ռեկորդս նվիրում եմ Արցախի հանրապետության հռչակման օրվան»: Սաքունց եղբայրները աշխարհի ռեկորդ սահմանելու համար պատահականորեն չեն ընտրել Արցախը, մանավանդ որ եղբայրներն արմատներով Արցախից են` Շահումյանի շրջանից: Սա ևս մեկ առիթ է Արցախի անունը աշխարհում հնչեցնելու համար, մանավանդ այսպիսի խորհրդանշական օրով: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտոնական այրեր: Այն կազմակերպվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության աջակցությամբ: