[ARM]     [RUS]     [ENG]

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԿՈՓՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Վան ՆՈՎԻԿՈՎ

 Չինական մարտարվեստներ՝ վինգչունի և թայչիի արցախյան ուղին ավելի քան տասնամյա նախապատմություն ունի։ Մինչդեռ վինգչունի և թայչիի ֆեդերացիան Արցախում պաշտոնապես հիմնադրվել է 2017 թվականին։ Այնուհետև՝ վինգչուն և թայչի մարտարվեստներն իրենց շուրջը համախմբեցին 5 տարեկանից ընդհուպ` հիսուն և ավելի տարիքի մարզվողների։ Ներկայում ԱՀ վինգչունի և թայչիի ֆեդերացիայի կազմում այս մարտարվեստներով տարիքային տարբեր խմբերում կոփվում է 30 մարզիկ։ 

Ֆեդերացիայի հիմնադիր, գլխավոր մարզիչ Սայաթ Բաղդասարյանի խոսքով` արևելյան մարտարվեստների շարքում վինգչունի առանձնահատկությունը մարտական կիրառական բնույթն է։ Վինգչունը, որոշ կանոնների պահպանմամբ, նույնպես, դասվում է մարզաձևերի շարքին։ Այս մարտարվեստի հնարքները կանոնակարգելով, որպես մարզաձև` աշխարհում առաջնություններ ու մրցույթներ են կազմակերպվում։ Գլխավոր մարզիչ Ս. Բաղդասարյանին առավել գրավել է վինգչունի մարտական-կիրառական բնույթը։ Նրա համոզմամբ՝ այս մարտարվեստի հնարքներին տիրապետելով, կարելի է լուրջ արդյունք ստանալ հատուկ մարտական առաջադրանքների իրագործման և, ինչու ոչ՝ նաև ինքնապաշտպանության ժամանակ։
Մարտարվեստ վինգչունին և շնչառական գիմնաստիկայի համարում ունեցող՝ թայչիին բնորոշ վարժությունների համադրությունը ներդաշնակում է ֆիզիկական և մտավոր կոփվածությունը, ուժեղ մարտական ոգին, բնականաբար նաև առողջ ապրելակերպի հնարավորություն ընձեռում։
Արցախցի մարզիկներն այս տարիների ընթացքում մասնակցել են մի շարք միջազգային առաջնությունների, հաղթանակներ արձանագրել ու գրավել մրցանակային տեղեր։ Չինական այս մարտարվեստների մեր մարզիկների հաղթանակների ու ձեռքբերումների առյուծի բաժինը 2019 թվականին էր։ Անցած տարի ֆեդերացիայի մարզիկ Արթուր Հովակիմյանը ուշուի Եվրասիայի առաջին առաջնության վինգչուն ոճի մենամարտային ձևում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ Արցախ բերելով ոսկե մեդալ, մարզիկ Հայկ Գասպարյանը նույն տարում ուշուի Եվրասիայի առաջին առաջնության վինգչուն ոճի մենամարտային ձևում, ինչպես նաև ուշուի Եվրասիայի առաջին առաջնության վինգչուն ոճի վարժահամալիրում արժանացել է բրոնզե մեդալների։ Վինգչունի Եվրոպայի երկրորդ առաջնության արծաթե մեդալակիր է Կարո Սարգսյանը / 2017թ./, ով արծաթե մեդալի է արժանացել նաև 2019թ.՝ ուշուի Եվրասիայի առաջին առաջնության վինգչուն ոճի մենամարտային ձևում։
Ֆեդերացիայի մարզիչ Սայաթ Բաղդասարյանը 2017թ. վինգչունի Եվրոպայի երկրորդ առաջնության թաոլու վարժահամալիրի բրոնզե մեդալակիր է, իսկ 2019 թվականից՝ ուշուի Եվրասիայի առաջին առաջնության վինգչուն ոճի արծաթե մեդալակիր, ինչպես նաև՝ ուշուի Եվրասիայի առաջին առաջնության թայչի ոճի արծաթե մեդալակիր։ Ավագ սերնդի մարզվողներից Արա Պուլուզյանը 2019թ. ուշուի Եվրասիայի առաջին առաջնության թայչի ոճում արծաթե մեդալի է արժանացել։ Եվ այդ ամենն այն դեպքում, երբ ֆեդերացիայի մարզիկները պարապմունքներն անցկացնում էին անմխիթար շենքային պայմաններով մարզադահլիճում։ Ստեփանակերտում հարմարավետ և վերանորոգված մարզադահլիճ ունենալը` ֆեդերացիայի համար իրականություն է դարձել օրերս ԱՀ նախագահի խորհրդական, ՙԱպագա սերունդների հիմնադրամի՚ հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցի մեկենասության շնորհիվ։ Գլխավոր մարզիչ Սայաթ Բաղդասարյանը նշում է, որ վինգչունով մարզվելու տասնյակ դիմումներ են եղել, սակայն մարզադահլիճի պայմանները, մինչ այժմ հնարավորություն չեն ընձեռել բոլորին ընդունել։ Նրա համոզմամբ՝ մարզադահլիճի վերանորոգումից հետո Արցախում վինգչունի և թայչիի մարզիկների թիվը էական աճ է արձանագրելու։ Ներկայում, բացի Ստեփանակերտից, վինգչունի մարզիկների խումբ է գործում նաև Շուշիում։
Ի դեպ, չինական վինգչուն մարտարվեստը լայն ճանաչում ձեռք բերեց հատկապես հայտնի դերասան ու մարտարվեստների վարպետ Բրյուս Լիի շնորհիվ նաև, ում ուսուցիչը վինգչունի վարպետ Իպ Մանն էր։ Անուն, որ արևելյան մարտավեստների երկրպագու, ֆիլմասեր հանրությանը ևս անծանոթ չէ։