[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը դեկտեմբերի 1-ից վերսկսել է պարապմունքները։ Մինչև սեպտեմբերի 27-ը մարզադպրոցում գործող 12 մարզաձևերով պարապում էր շուրջ 780 պատանի և աղջիկ։ Պատերազմից հետո Ստեփանակերտ վերադարձող մարզիկներն օրեցօր միանում են ուսումնամարզական պարապմունքներին։ Իսկ թե ինչպես են ներկայումս ընթանում դպրոցի ուսումնամարզական աշխատանքները, ինչ դժվարություններ են հաղթահարվում գործըթացը կրկին վերսկսելու համար, ներկայացրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ 

Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ ներկայումս պարապմունքներին հաճախում է 395 մարզիկ և աստիճանաբար էլ գրանցվում է նրանց թվի ավելացման միտում։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում թե՛ տնօրենության, թե՛ մարզիչների կողմից։ Ներկայումս մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանն իր սաների հետ պարապում է Երևանում, որպեսզի Արցախի հավաքական թիմը տարբեր քաշային կարգերում պատրաստ լինի փետրվարին կայանալիք  ՀՀ առաջնությանը։ <<Մենք պայմանավորվել ենք Շենգավիթ վարչական շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի պատասխանատուների հետ, որպեսզի մեր սաները հնարավորություն ունենան մարզվել մինչև դեկտեմբերի վերջը։ Պատանիների մեծ մասը պատերազմի հետևանքով տարհանված կամ տուժած ընտանիքներից են, ուստի նպատակահարմար գտանք պարապմունքները ժամանակավոր կազմակերպել Երևանում, որպեսզի, անկախ ամեն ինչից, արցախցիները հնարավորություն ունենան մարզվել և մասնակցել առաջնություններին>>,- նշեց Է. Հովհաննիսյանը։ Մարզիչ Գ. Թորոսյանն էլ, շնորհակալություն հայտնելով հայաստանյան գործընկերներին Արցախի բռնցքամարտի ֆեդերացիային ցուցաբերած աջակցության համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է.  <<Մեր առաքելությունն է՝ համախմբվել առողջ գաղափարի շուրջ, լինել ամուր և չհանձնվել, այլ հայոց եռագույնը պատվով ծածանել միջազգային մրցահարթակներում>>։

Արցախցի մարզիկներն, իրենց մեջ ուժ գտնելով, վերսկսել են ոչ միայն պարապել, այլև մասնակցել մրցաշարերի։ Նույնիսկ պատերազմի օրերին՝ սեպտեմբերի  25-ից մինչև նոյեմբերի 1-ը, մարզադպրոցի սան Էդգար Բաբայանը (մարզիչ՝ Ալեքսան Աղաբալյան) օնլայն ձևաչափով մասնակցել է մուայ թայ մարզաձևի աշխարհի առաջնությանը, որին մասնակցում էին մարզիկներ ավելի քան 100 երկրներից։ Արցախցի մարզիկը մինչև 12 տարեկանների տարիքային խմբում զբաղեցրեց 1-ին տեղը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Արդեն դեկտեմբերի 5-10-ը Արցախի հանդբոլի հավաքական թիմը (մարզիչ՝ Վարդգես Մխիթարյան) մասնակցել է Երևանում  կայացած ՀՀ հանդբոլի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությանը։ Իսկ բասկետբոլի աղջիկների հավաքական թիմը դեկտեմբերի 8-16-ը (մարզիչ Գևորգ Շահնազարյան) հաջողությամբ մասնակցել է ՀՀ առաջնության առաջին փուլին։

Ինչ վերաբերում է  մարզադահլիճների ներկայիս պայմաններին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պարապմունքներն ուսումնական պլանի համաձայն կազմակերպելու համար իրենց են տրամադրվել Ստեփանակերտի թիվ 1, 6, 7 և 8 դպրոցների  մարզադահլիճները, իսկ թիվ 3 դպրոցում միայն փոքր դահլիճում է հնարավոր եղել վերսկսել մարզումները, իսկ մյուսը դեռ կարգի չի բերվել. ջարդված պատուհանների վերանորոգման աշխատանքները ձգձվում են։ Երաժշտական քոլեջի մարզադահլիճում վերսկսվել են սեղանի թենիսի պարապմունքները և, ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում գործում են բռնցքամարտի, կարատեի, մուայ թայի, MMA-ի, քինգ բոքսինգի, սանդա ուշուի, վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի, տուրիզմի, սպորտային պարերի խմբերը։  Բոլոր մարզադահլիճներում կարգավորված է ջեռուցման խնդիրը, ապահովված են մարզական անհրաժեշտ գույքով և 33 մարզիչներից հարգելի պատճառով միայն 3-ն են բացակայում. նրանց երեխաները պատերազմի ընթացքում ծանր վիրավորվել են։ Ամենայն հավանականությամբ՝ մինչև տարեվերջ նրանք էլ կկցվեն մարզադպրոցի աշխատանքներին։  <<Ճիշտ է, կան դժվարություններ, բայց մենք պատրաստ ենք հաղթահարել դրանք և աշխատել։ Այս պատերազմին մասնակցել են նաև մարզադպրոցի մարզիչներն ու մարզիկները, ցավոք, ունենք վիրավորներ, անհետ կորածներ և զոհեր։ Սակայն վստահեցնում եմ, որ մարզադպրոցը լրիվությամբ վերականգնելու է իր ավանդույթները, արձանագրած ցուցանիշները։ Մենք նախատեսում ենք ավելացնել խմբերի թիվը։ Կյանքը շարունակվում է, և ես կոչ եմ անում բոլոր երեխաներին՝ ընդգրկվել Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում վերսկսված պարապմունքներին։ Մեր դռները բաց են բոլոր երեխաների համար։ Մենք պետք է շարունակենք պարապմունքները, որպեսզի ունենանք ֆիզիկապես ուժեղ, առողջ, հայրենասեր սերունդ>>,- վերջում ընդգծեց Է. Հովհաննիսյանը։